
Ստամբուլում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի մի պարագլուխ

Ստամբուլում Թուրքիայի ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից Նադիր Սալիֆովը, ով հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ։
Օպերացիան իրականացրել է Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Թուրքիայում Սալիֆովը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2016-ին Ստամբուլում սպանվեց ադրբեջանցի մեկ այլ հանցավոր խմբի պարագլուխ Ռովշան Ջանիևը։ Լուրեր էին շրջանառվում, թե Ջանիևի սպանության պատվիրատուն հենց Սալիֆովն է եղել։
Թուրքական աղբյուրը, հղում անելով ռուսական մամուլին, նշում է, որ Սալիֆովն ակտիվ գործունեություն էր ծավալել նաև Ռուսաստանում։ Նա Մոսկվայում զբաղվում էր դրամաշորթությամբ: Նրա պատճառով տուժել են բազմաթիվ ռուս գործարարներ։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Սալիֆովն ուղարկվելու է Ադրբեջան։