
Գազը «Թուրքական հոսքով» կարող է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից. Նովակ

«Թուրքական հոսք» նախագծի իրագործումն ընթանում է գրաֆիկի համաձայն. խողովակաշարի երկու ուղեգծով գազը կարող է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին», ապա դրա կառուցումն ընթանում է հաստատված պլաններին համապատասխան: Դուք գիտեք՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված է միջկառավարական համաձայնագիր, հաստատված է ճանապարհային քարտեզը եւ ամեն ինչ ընթանում է ըստ գրաֆիկի, արդեն մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը կարելի կլինի գազ մատակարարել «Թուրքական հոսքով», խողովակաշարի երկու ուղեգծով»,-ասել է Նովակը:
Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ «Թուրքական հոսքով» մատակարարումների համար գերակա ուղղություններ են Բուլղարիան ու Ավստրիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: