«Մինսկը ձգտում է մեծ դեր խաղալ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում». Լուկաշենկո
Բելառուսը ձգտելու է մեծ դեր խաղալ Եվրոպայում եւ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ կայացած հանդիպման ժամանակ։
«Բելառուսն առաջվա պես ձգտելու է ավելի մեծ դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործում, որոնք, ցավոք, մեր եվրոպական, եվրասիական մայրցամաքում գոյություն ունեն»,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Բելառուսը հանդես է գալիս եւ միշտ հանդես է եկել «այս բարդ հակասական աշխարհում երկխոսության օգտին, որը շփման գլխավոր միջոցն է ժողովուրդների, պետությունների ղեկավարների միջեւ, պետությունների միջեւ ընդհանրապես»: Մինսկը հոկտեմբերի 9-ին եւ 10-ին ընդունում է բարձր մակարդակի Միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված է ահաբեկչության կանխման եւ դրա դեմ պայքարի հարցերին:
Այդ նպատակով Բելառուս է ժամանել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի հակաահաբեկչական վարչության, ՄԱԿ-ի՝ Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավարությունը: Բացի այդ, համաժողովին կմասնակցելու են ԵԱՀԿ-ի երկրների եւ գործընկերների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, բիզնես-հանրակցության, հեղինակավոր վերլուծական կառույցների ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: