
ԵՄ-ն կփորձի ԱՄՆ-ին համոզել Իրանին չանջատել SWIFT-ից. Financial Times

Եվրամիության (ԵՄ) երկրների ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ-ի վարչակազմին համոզել Իրանին չանջատել SWIFT միջազգային վճարային համակարգից: Հոկտեմբերի 9-ին այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը:
Խոսքը վերաբերում է տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգին, որին միացած են ավելի քան 11 հազար ֆինանսական ինստիտուտներ ավելի քան 200 երկրներում: «Մեր հարցը հետեւյալն է. ինչու շենքից հանել բոլոր էլեկտրական կաբելները, եթե կարելի է պարզապես անջատել լույսը,- գաղտնիության պայմաններով հրատարակությանը հայտարարել է եվրոպացի մի դիվանագետ: Եթե կարելի է որոշել, թե որ բանկի նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանել, ապա անհրաժեշտություն չկա SWIFT-ին հարկադրել անջատելու Իրանին»:
Այս մոտեցման մասին ԵՄ-ի երկրների ֆինանսների նախարարությունների ղեկավարները, հրատարակության տվյալներով՝ մտադիր են հայտարարել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ կայանալիք հանդիպումներում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի՝ հոկտեմբերի 9-ին Ինդոնեզիայի Բալի կղզում մեկնարկած ամենամյա հանդիպմանը: Հանդիպումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: