
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջև օրակարգը հարստացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՖՄԿ նախարարական համաժողովի և 17-րդ գագաթաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցերի շուրջ: Այդ համատեքստում պետքարտուղար Դիմովկսին գոհունակություն է հայտնել միջոցառումների կազմակերպվածության բարձր մակարդակի առնչությամբ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես բազմակողմ և երկկողմ ձևաչափերով կապերի առավել զարգացման արդյունավետ հարթակ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ անդրադառնալով նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Զոհրաբ Մնացականյանը և Վիկտոր Դիմովսկին մտքեր են փոխանակել կովկասյան և բալկանյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: