«Ժառանգությունն» աջակցում է վերամշակված ԸՕ-ի նոր հայեցակարգին
«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին:
Չնայած «Ժառանգությունը» շարունակում է հակված մնալ կուսակցությունների համար անցողիկ շեմը 3%, դաշինքների համար 5% սահմանելու, իսկ ընտրագրավը մինչեւ 5 միլիոն դրամի նվազեցնելու տեսակետին եւ, ընդհանրապես, նոր Սահմանդրության ու նրան համապատասխան նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը, այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխությունները, մեր հայացքով, զգալի առաջընթաց են գործող Ընտրական օրենսգրքի համեմատ: Նրանում ներառվել են ոչ միայն «Ժառանգության» եւ այլ կուսակցությունների կողմից մշակված որոշ առաջարկներ, այլեւ հասարակական ու միջազգային կազմակերպությունների տարբեր դիտողություններ, որոնք ի զորու են ապահովել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու պետական հանձնառությունը:
Լիահույս ենք, որ փոփոխված օրենսգրքի պայմաններում Հայաստանում տեղի կունենան էլ ավելի քաղաքական, ծրագրային, ժողովրդավարական արժեքներին համահունչ խորհրդարանական ընտրություններ։
«Ժառանգություն» կուսակցություն
9 հոկտեմբերի 2018, Երեւան