Ի՞նչ ելք կա՝ Փաշինյանի հրաժարականից բացի

Սոցիալական ցանցերում հասունանում է նոր շարժում՝ «մերժիր վարչապետի հրաժարականը»։ Հիմնավորումն այն է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին իշխանության մանդատ է տվել, և ոչ՝ հրաժարականի։ Ն.Փաշինյանն ասել է, որ հանրության շրջանում բուռն արձագանքի արդյունքում կրկին քննարկվում է իր հրաժարականի տարբերակը, սակայն դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան։

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կա ԱԺ լուծարման սահմանադրական եղանակ՝ առանց Փաշինյանի հրաժարականի։

«ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից:

– Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ եթե ընտրական ցուցակներում պատգամավորի թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

– Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

4․․․ Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից։

ՀՀ սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Կատարվելիք գործողությունները.

«Ելք» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները ԿԸՀ են ներկայացնում ինքնաբացարկի դիմումներ, և ընտրական ցուցակը մնում է դատարկ։

ԱԺ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները վայր են դնում իրենց մանդատները։

Այսօր 105 պատգամավորից կազմված ԱԺ ում կմնա 96 պատգամավոր և հնարավոր չի լինի լրացնել թափուր տեղերը։ Այս դեպքում ակնհայտ է Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը՝այն է ԱԺ պատգամավորների թիվը կլինի 101-ից պակաս, և ԱԺ-ն Սահմանադրության ուժով կհամարվի չձևավորված։ Այդ դեպքում ՀՀ Նախագահը պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և նշանակել ԱԺ նոր ընտրություններ»,- առաջարկում է իրավապաշտպանը։

168.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, արդյոք կա՞ նման հնարավորություն, որ «Ելքի» պատգամավորները մանդատները վայր դնեն, և նոր ընտրություններն այդ կերպ պարտադրված լինեն։

«Չկա նման բան։ Եթե լիներ այդպիսի տարբերակ, կանեինք»,- ասաց Է.Մարուքյանը՝ խորհուրդ տալով կրկին կարդալ Սահմանադրությունը։

Ըստ նրա՝ առկա բոլոր տարբերակները քննարկման առարկա են, դրանցից մեկը վարչապետի հրաժարականն է, մյուսը՝ Սահմանադրությունը փոխելը. «Այդ երկու հնարավոր տարբերակներն են, մնացածը ֆեյսբուքյան օգատատերերի բարի ցանկություններն են»։

Տեսանյութեր

Լրահոս