Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը վերջին շտկումներն է անում

Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը իրականացնում է վերջին շտկումները: Հանձնաժողովի կատարած աշխատանքների ու գործառույթների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի աշխատանքների համակարգող Տիգրան Ավինյանի հետ:

– Պարոն Ավինյան, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Ձեր համակարգմամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը պատասխանատու է գագաթնաժողովի նախապատրաստական և անցկացման համար: Ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները:

– Նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, կարելի է՝ ասել վերջին շտրիխներն են դրվում: Վերջին 5-6 ամսվա ընթացքում կատարվել է հսկայածավալ աշխատանք և այսօր կարելի է վստահությամբ նշել, որ մենք պատրաստ ենք այս աննախադեպ միջոցառման անցկացմանը:

– Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հանձնաժողովի անդամները ու ե՞րբ են մեկնարկել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները:

– Հանձնաժողովում ներկայացված են համապատասխան գործառույթներ իրականացնող գերատեսչությունների ղեկավարները` գրեթե բոլոր նախարարությունները, իրավապահ մարմինները: Աշխատանքները մեկնարկել են մեր՝ կառավարություն ձևավորելու առաջին իսկ շաբաթից:

– Նախապատրաստական աշխատանքների կազմակերպման սկզբում ու ընթացքում ո՞ր ուղղությամբ է եղել հիմնական շեշտադրումը:

– Հիմնական շեշտադրումը եղել և մնում է միջոցառման անցկացումը ամենաբարձր մակարդակով: Նախապատրաստական աշխատանքներում հատուկ ուշադրության է արժանացել տնտեսական ֆորումը, որը մեզ համար չափազանց նշանակալի իրադարձություն է: Այն էլ ավելի նշանակալի է դառնում, եթե հաշվի առնենք, որ  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ է ներառվում նաև տնտեսական բաղադրիչ: Մասնակցելու են գործարար շրջանակի երեք հարյուր հիսունից ավելի ներկայացուցիչ:

– 84 երկրների տարբեր պատվիրակություններ են շուտով ժամանելու Հայաստան: Նրանց անվտանգությունն ու տեղաշարժն ապահովելու համար ի՞նչ հատուկ միջոցառումներ են իրականացվելու:

– Արդեն իսկ ուժեղացված ռեժիմով են աշխատում իրավապահ մարմինները, քսանչորսժամյա հերթապահություն է իրականացվում միջոցառումների անցկացման վայրերում և հարակից տարածքներում, բուն գագաթնաժողովի օրերին հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով, ի լրումն սրան նաև տեղյակ եք, որ կա նախաձեռնություն հոկտեմբերի 11-12-ի աշխատանքային օրերը տեղափոխելու վերաբերյալ, ինչը թույլ կտա նաև երթևեկության կազմակերպման և այլ հարցերում իրավապահ մարմիններին առավել օպտիմալ լուծումներ տալ, իսկ մեր քաղաքացիներին զերծ պահել անհարմարություններից:

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը

Տեսանյութեր

Լրահոս