Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նախատեսում Գագիկ Ծառուկյանի հետ
Գործող իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերին: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ մնացած որոշումների մասին հավելյալ կտեղեկացնի:
«Կարծում եմ՝ Փարիզում իմ գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման հաշվի կառնենք: Այս ընթացքում եղավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, ով, ըստ էության, պաշտպանեց դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու գաղափարը: Հարցազրույցի արդյունքներով նախատեսում եմ հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ հանգուցալուծման սցենարներ քննարկելու համար: Դաշնակցության հետ նույնպես կարող է լինել հանդիպում, ես Փարիզում Դաշնակցության Սփյուռքի կառույցի հետ նույնպես քննարկում ունեցել եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ուժի մեջ է իր հրաժարականի մասին հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ խոսք է գնում հրաժարականի մասին, ապա պետք է պարզ լինի, որ դա զուտ իրավական կարգերն ապահովելու համար է:
«Ի դեպ, կարծես դժգոհության հանրային ալիք կա: Չեմ ուզում նմանվենք այն իշխանություններին, որ համառորեն հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, բայց մենք տալիս ենք: Այնպես պետք է անենք, որ գործընթացը բոլորին լինի հասկանալի բոլոր նրբություններով: Որևէ գործողություն չեմ անելու ժողովրդի իշխանությունը վտանգի տակ դնելու համար»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն շարունակում է քաղաքական իրավիճակը չհասկանալ, մի կողմից ասում են հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, մյուս կողմից ամեն ինչ անում են, որ հանրությունը չհանդուրժի:
«Ճիշտ ճանապարհ չէ, չի կարելի տպավորություն ստեղծել, թե կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին: Դա լավ դերակատարում չէ»,-ասաց նա: