
Նիկոլ Փաշինյանն էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին:
Իր խոսքում վարչապետը նշեց, որ հավաքի պատճառն ու առիթը նախարարի փոփոխությունն է: «Կարծում եմ հանգամանքների վերաբերյալ մանրամասնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, ձեր աչքերի առաջ՝ հանկարծահաս երեկոյան քաղաքական ճգնաժամի արդյունքում: Եվ ես հույս ունեմ, որ քաղաքական իրավիճակը մենք կհաղթահարենք և դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ հետագայի մասին կխոսենք այդ ընտրություններից հետո»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանին, ով ներկա էր հանդիպմանը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Գրիգորյանին՝ կատարված համատեղ աշխատանքի համար: Պարոն Գրիգորյան, անկեղծ եմ ասում, շատ հաճելի էր Ձեզ հետ աշխատելը: Մենք բավականին շատ գործ ենք արել իրար հետ, և ուզում եմ ձեզ ամենայն հաջողություններ մաղթել: Որ ասպարեզում էլ որ որոշեք շարունակել Ձեր գործունեությունը, ես Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- նշեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին նշանակման կապակցությամբ: «Ըստ էության, այս աշխատանքը համատեղ է կատարվել, քանի որ մինչ այս Դուք զբաղեցրել եք փոխնախարարի պաշտոնը և, ըստ էության, այս ընթացքում նախարարությունում կատարված անցուդարձից տեղյակ եք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: