Բրազիլիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Բրազիլիայի ազգային խորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն եւ ձախ Աշխատավորների կուսակցությունից թեկնածու Ֆեռնանդու Ադադն անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Սրանք են պաշտոնական տվյալները, որոնք հարավամերիկյան հանրապետության Բարձրագույն ընտրական դատարանի (ԲԸԴ) կողմից հոկտեմբերի 7-ին հրապարակվել են ընտրաթերթիկների 96 տոկոսի տվյալների ամփոփումից հետո:
Այդ տեղեկատվության համաձայն՝ Բոլսոնարուն ապահովել է ընտրողների 46,62 տոկոսի աջակցությունը, Ադադին ձայն է տվել 28,5 տոկոսը: Քվեարկության առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը:
Համընդհանուր՝ նախագահական, խորհրդարանական եւ նահանգապետական ընտրությունները Բրազիլիայում անցկացվել են հոկտեմբերի 7-ին: Եթե բարձրագույն պաշտոնի թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, ինչը տվյալ դեպքում առավել հավանականն է համարվում, քվեարկության երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 28-ին:
ԲԸԴ-ի տվյալներով՝ ընտրությունների օրը փոխարինվել են քվեարկության համար նախատեսված առնվազն 1695 էլեկտրոնային քվեատուփեր, ինչը կապված էր տեխնիկական խնդիրների հետ: Նոր սարքերի տեղադրումից հետո քվեարկությունը շարունակվել է բնականոն ռեժիմով:
Նաեւ ընտրական օրենսդրության տարբեր խախտումների համար օրվա ընթացքում ոստիկանական տեղամասեր է հասցվել 183 մարդ. ընդ որում նրանցից վեցը տարբեր պաշտոնների թեկնածուներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: