
Սաուդյան Արաբիան 200 մլրդ դոլար կներդնի արևային էներգետիկայի զարգացման գործում

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստվում են 200 մլրդ դոլար ներդնել արեւային էներգետիկայի զարգացման գործում: Այդ մասին, ինչպես հայտնել է Maghreb Arabe Presse լրատվական գործակալությունը, Մարաքեշում հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարարության ներկայացուցիչ Աբդուռահման բեն Մուհամեդ Աբդուլքարիմը՝ ելույթ ունենալով էներգետիկայի հարցերի շուրջ Արաբական 11-րդ խորհրդաժողովում:
Միջոցառումն անցկացվում է Մուհամեդ Վեցերորդ թագավորի հովանավորությամբ եւ նվիրված է «էներգետիկան եւ արաբական համագործակցությունը» թեմային։ Աբդուլքարիմը համաժողովի պատվիրակներին ներկայացրել է Սաուդյան Արաբիայի էներգետիկական ռազմավարությունը 2020-2030 թվականներին, որը նախատեսում է ստեղծել ավելի զարգացած նավթարդյունաբերություն:
Բացի այդ, նա նշել է, որ թագավորությունը «200 մլրդ դոլար կներդնի արեւային Էներգետիկայում՝ նպատակ ունենալով մինչեւ 2030 թվականը հասնել 200 գիգավատի հավասար հզորությունների»: «Դա թույլ կտա ստեղծել ավելի քան 100 հազար աշխատատեղ եւ նվազեցնել էլեկտրականության արտադրության արժեքը»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: