«ԼՈւԿՕՅԼ»-ը դադարեցրեց նավթի գնումներն Իրանից
«ԼՈւԿՕՅԼ»-ը լիովին դադարեցրել է իրանական նավթի գնումները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Վագիտ Ալեքպերովը: Մեկնաբանելով հնարավոր աշխատանքն Իրանում, «ԼՈւԿՕՅԼ»-ի ղեկավարն ասել է. «Իրանի գծով ընթանում է լաբորատորային աշխատանք, մենք սպասում ենք վերջնական պարզաբանումներին, թե ինչ է լինելու նոյեմբերից հետո, իսկ այնուհետեւ որոշում կընդունենք:
Ընկերությունը միջազգային է, ռիսկերը հսկայական են, եւ ընկերությունը ինչ-ինչ սահմանափակումների խախտումներ իրեն թույլ չի տա»: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Իրանի դեմ սահմանափակիչ միջոցների առաջին բլոկը, որը վերաբերում է իրանական ավտոմոբիլային հատվածին, ինչպես նաեւ ոսկով եւ այլ մետաղներով առեւտրին, վերականգնվել է օգոստոսի սկզբին:
Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ բլոկը վերաբերելու է Իրանի էներգետիկական սեկտորին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ այն տրանզակցիաներին, որոնք կապված են Իրանի Կենտրոնական բանկի հետ: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ սահմանափակիչ միջոցների երկրորդ բլոկը կսկսի գործել նոյեմբերի 5-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: