Բաժիններ՝

Կենդանաբանական այգում գորշ արջերը կերել են էգին

Այսօր համացանցում Երևանի կենդանաբանական այգում արված տեսանյութ էր հայտնվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են երկու խոշոր արջեր ուտում մեկ այլ արջի։

168.am-ի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը հաստատեց լուրի իսկությունը՝ փաստելով, որ կենդանաբանական այգում գրանցվել է մեկ գորշ արջի անկում, որի մասին դեռևս երեկ կենդանաբանական այգին տարածել էր հաղորդագրություն։

Երևանի կենդանաբանական այգում գորշ արջերը կերել են էգին . Ուշադրություն՝ դաժան կադրեր են, սրտից թույլ մարդկանց չդիտել

Gepostet von Panorama.am am Mittwoch, 3. Oktober 2018

«Ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է անդրկովկասյան մեկ գորշ արջի անկում։ Թեպետ նման ներտեսակային պայքարները և վարքագծային դրսևորումները հատուկ են մեծ գիշատիչների վարքագծին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսևորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ վեց ամիս հարևանությամբ ապրող էգ արջի վրա, որի հետևանքով գրանցվել է թույլ տեսակի անկում՝ էգ արջի մահվան ելքով։

Ելնելով կենդանիների հարձակման արագությունից, հնարավոր չի եղել ձեռնարկել արագ կանխարգելման միջոցառումներ՝ժամանակավոր քնեցնելով կամ զատելով կենդանիներին։ Արջերի ներտեսակային պայքարը կարող է դրսևորվել բնության և անազատության պայմաններում, կախված նրանց սոցիալական խմբերում առկա հիերարխիկ կառուցվածքից, բազմացման սեզոնից և այլ կենսաբանական գործոններից»,- տեղեկացրեց Ռ. Աբրահամյանը։

Ըստ նրա, դրանք եզակի դեպքեր չեն կենդանաբանական այգիներում պահվող գիշատիչների համար, կենդանաբանական այգիների պատմության մեջ նման դեպքեր միշտ գրանցվել և գրանցվելու են։

Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, Ռ. Աբրահամյանը նշեց, թե չգիտի՝ ով է որոշել այդ դաժան տեսանյութը տարածել համացանցում, ով տարածել է, նրան էլ պետք է հարցերն ուղղենք։

«Նման բան եղել է, այնպես չէ, որ տեսանյութն օդից է հայտնվել, բայց մենք չեն կարող հասկանալ տեսանյութի տարածման տրամաբանությունը, որն իսկապես դաժանություն է»,- շեշտեց Ռ. Աբրահամյանը։

Այս պահին կենդանաբանական այգու տնօրինության կողմից դեպքի առնչությամբ կատարվում է փորձաքննություն։

Նշենք, որ կենդանաբանական այգում այս պահին կա 17 անդրկովկասյան գորշ արջ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս