Կադաստրի կոմիտեն խախտումների փաստերով 12 դեպքի մասին նյութեր է ուղարկել իրավապահ մարմիններին
Ներքին բացահայտումների արդյունքում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 12 դեպքով նյութեր է ուղարկել իրավապահ մարմիններին։
Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը խուսափեց մասնավորեցնել ու կոնկրետ անուններ տալ՝ լրագրողներին փոխանցելով, որ այդ մասին կհաղորդեն իրավապահները.
«Տպավորություն չթողնենք, թե ունեցած տեղեկություններն այլևայլ նպատակներով օգտագործելու խնդիր ունենք։ Մերկապարանոց հայտարարություններ չեմ ուզում անել».
Պետրոսյանը չժխտեց, որ, այո′, համակարգում, ինչպես և պետական որոշ այլ մարմիններում այդ գործերն «ինչքան նայենք, կնայվեն», որովհետև կոռուպցիոն ռիսկերը շատ են. «ձեր սիրած բառով՝ «ժուլիկությունից» մինչև գլոբալ խնդիրներ…»։
Պաշտոնավարման 50 օրն ամփոփող ասուլիսում Կոմիտեի ղեկավարին լրագրողները հարցրին, թե արդյո՞ք առանձնահատուկ կերպով չի ստուգում մեծահարուստ նախկին պաշտոնյաների գույքը.
«Ես մեր աշխատակիցներին չեմ կարող հանձնարարել, թե գնացե′ք, Բաբայան և Ուլնեցու փողոցների տները մի հատ ստուգե′ք։ Եվ այնպես չի, որ ինքս քաղաքում քայլում եմ ու ասում՝ տեսնես այս տունը գրանցվա՞ծ է… Բայց եթե դիմում կամ հրապարակում կա, հանձնարարում եմ ստուգել։ Մեկ առ մեկ ստուգում ենք բոլոր ահազանգները և անհրաժեշտութան դեպքում նյութերն ուղարկում իրավապահներին»։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատանն առնչվող խնդիրների մասին «Հետք» էլեկտրոնայինի հապարակման հիման վրա դատախազությունը նյութեր է նախապատրաստում.
«Շատ այդպիսի հրապարակումների համար լրատվամիջոցները պաշտոնապես մեզանից են ստանում անշարժ գույքին վերաբերող տվյալները»,- ասաց Պետրոսյանն՝ ավելացնելով, որ շատ բարձր է գնահատում նման համագործակցութունը և լրատվամիջոցների հետ թափանցիկ աշխատանքը, ավելին, նրանց աջակցությունը.
«Օրինակ, վերջերս «Փաստ» թերթը տարակուսել էր իմ գույքի հայտարարագրի մի կետից։ Դա օգնեց, որ նկատեմ այնտեղ եղած սխալը և արագ շտկեմ»։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին