«Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ՀԱՊԿ անդամ կամ թեկուզ դիտորդ». Փաշինյան

«Պարոն վարչապետ, եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով, նաև՝ սպառնում եք օրենքով, կխնդրեմ՝ որպես ԱԺ պատգամավոր, Ձեզ՝ որպես վարչապետի և տղամարդու, զբաղվել մեր գործընկերոջ՝ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը երեկ չի կարողացել մասնակցել ԱԺ արտահերթ նիստին: Նրա մուտքը խորհրդարան խոչընդոտվել է ԱԺ շենքի մոտ ակցիա անող մարդկանց կողմից: Այս մասին տեղեկությունը Yerkir.am–ի հետ զրույցում հայտնել էր պատգամավորը: «Արտահերթ նիստի մասին իմանալուց հետո մինչև հասա Ազգային ժողով, արդեն շրջապատել էին շենքը, անհնար էր մոտենալ ԱԺ շենքին: Բազմությունը շատ էր, ու մի կին ճանաչեց ինձ: Հարցրեց` Դուք պատգամավո՞ր եք` ՀՅԴ ֆրակցիայից, երբ ստացավ դրական պատասխան, սկսեց վիրավորել՝ Դուք դավաճան եք, այս եք, այն եք»,- ասել է  պատգամավորը:

«Եթե խոսում ենք արդարության գերակայության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար, և ես ակնկալում եմ, որ կառավարությունը, ուժայինները, որոնք ձեզ լսում են ցանկացած հարթակից, ստանան ձեզանից հանձնարարական՝ պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, մեղավոր անձանց, հայտնաբերեն նաև ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին, բազմաթիվ ավտոմեքենաներ են երեկ վնասվել, եթե ձեզ չեն զեկուցել, իմացեք»,- ասաց Ա. Աշոտյանը։

Նա վարչապետին հիշեցրեց երեկ գիշերը բանակցություններից հետո ԱԺ բակում արված այն հայտարարությունը, որ եթե Փաշինյանը ճիշտ չի հասկացել խոսակցության որոշ նրբություններ, ապա հանրապետականներն ու մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները թող շտկեն, և նշեց, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը հայտնել են իրենց տեսակետները.

«Իսկ հիմա բուն հարցը՝ երեկ հայտարարությունների ժամին ես բարձրաձայնեցի խնդիր՝ կապված Ադրբեջանում գերեվարված քաղաքացիների հետ. նախ, արդյո՞ք հաստատվել է այն օպերատիվ կապը, որի մասին խոսում էիք Ադրբեջանի նախագահի հետ, և արդյո՞ք հասցրել եք ճշտել Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ Բերդավանի բնակիչ Կարենի ճակատագրի հետ կապված որևէ նորություններ»։

Ի պատասխան Ա. Աշոտյանի հարցադրման՝ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ տեղյակ չէ ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ կապված միջադեպից՝ ընդգծելով, որ անպայման կհետաքրքրվի. «Երեկվա հետ կապված, եթե կան խնդիրներ, իրավապահ մարմինները կզբաղվեն»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապին, ապա, վարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ դեռ այն հաստատված չէ. «Բայց աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, և ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք, որը կարող ենք փոխանցել, որպեսզի նաև այդ հարցերի պատասխանները ստանաք»։

Աշոտյանն իր հերթին՝ նշեց, որ կհետևի վարչապետի տված խոստումների կատարման ընթացքին։

Արմեն Աշոտյանը նաև հետաքրքրվեց՝ թեկուզ դիտորդի կարգավիճակում՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հետ կապված կա՞ որոշակի գործընթաց, և ինչպիսի՞ն է Հայաստանի տեսակետը, եթե անգամ այդ գործընթացն այս պահին չկա: «Երկրորդ՝ արդյո՞ք նորություններ կան Սիրիայում հայկական զորախմբի տեղակայման գործընթացի կազմակերպման հետ կապված»։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ նախ՝ Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, այլ՝ հումանիտար ականազերծման և բժշկական առաքելություն է լինելու. «Սա կարևոր արձանագրում է»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ դիտորդի կամ որևէ այլ կարգավիճակով, Փաշինյանն ասաց, որ նման որևէ պաշտոնական գործընթաց չկա.

«Այդ մասին կան հրապարակումներ, խոսակցություններ, և սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է։ Ես այդ դիրքորոշումը մի քանի անգամ հրապարակել եմ։ Դուք գիտեք, որ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում, ստեղծված հարաբերությունների պայմաններում անիմաստ է նույնիսկ այդ հարցի վերաբերյալ խոսելը, որովհետև Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ»։

Տեսանյութեր

Լրահոս