Ի՞նչ են, ի վերջո, պայմանավորվել վարչապետն ու խորհրդարանական խմբակցությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ խմբակցությունների հետ բանակցային սենյակից դուրս գալուց հետո հայտարարեց, որ ժողովուրդը հաղթել է, որևէ մեկը չի կարող խլել այդ հաղթանակը։

«Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, սա նոր փուլ է, վանկարկումների, գրառումների, մեկնաբանությունների, արտահայտությունների մեջ որևէ քաղաքական գործչի հասցեին, լինի ՀՀԿ-ից, թե այլ կուսակցությունից, անձնական վիրավորանք պարունակող որևէ արտահայտություն չանել»,-հանրությանը դիմեց Փաշինյանը։

Նա նշեց, որ եթե քաղաքական փոփոխությունը փոխադարձ հարաբերությունների մեջ բան չի փոխելու, մի կառավարությունը փոխվելու է մեկ ուրիշով, բայց նպատակը մի իրականությունը մյուսով փոխելն է։

Այնուհետև վարչապետն անդրադարձավ բանակցությունների բուն թեմային՝ նշելով, որ ՀՀԿ, ՀՅԴ և Ծառուկյան խմբակցությունների ղեկավարները համակարծիք են եղել՝ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։

«Ես ասացի, որ դրա տարբերակն այն է, որ ես առաջիկայում հրաժարական տամ վարչապետի պաշտոնից, և ակնկալում եմ, որ ՀՀԿ-ն և գործող խորհրդարանն ավելի չգրգռի մարդկանց, որևէ խմբակցություն չառաջադրի վարչապետի թեկնածու։ Տեսականորեն նրանք կարող են առաջարկել վարչապետի թեկնածու, բայց պետք է գիտակցեն, որ հանրության մոտ վատ ռեակցիա է առաջացնելու»,-ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ նման սցենարը խելամիտ չի լինի.

«Լավ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, երկու անգամ չեն առաջադրի վարչապետ, երկու անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդյունքում դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ։

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարծես թե ասացին, որ ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը։ 3 խմբակցություններն էլ բանավոր ասացին, որ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու։ Եթե ինչ-որ բան սխալ եմ ընկալել, իրենք իրենց հարցազրույցներում թող ասեն»։

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ խորհրդարանական ուժերի հարցերին, վարչապետն ասաց, որ ի պատասխան ասել է.

«Այսօրվա իրավիճակը վկայում է նրա մասին, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է օր առաջ հանգուցալուծվի։ Երկրում հաստատվել է ԱԺ, որը չի ներկայացնում ՀՀ քաղաքացիներին։ Այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ի դեպ, քիչ առաջ մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ բանակցություններին ներկա բոլոր քաղաքական ուժերը մնացել են իրենց դիրքորոշումներին: Որևէ մեկը չի համաձայնել Փաշինյանի առաջարկած պայմաններին։

Տեսանյութեր

Լրահոս