«Տոտենհեմ»-«Բարսելոնա». ո՞վ է իսկապես ֆավորիտը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը կլինի «Տոտենհեմ»-«Բարսելոնա» դիմակայությունը:
Որոշ ֆուտբոլասերների կարծիքով՝ այս խումբը կարելի է անվանել «մահվան խումբ»: Մասնակիցների քառյակն իսկապես տպավորիչ է: Եվ եթե «Բարսելոնայի»՝ խմբային փուլից դուրս մնալը պատկերացնելը չափազանց դժվար է, ապա «Տոտենհեմը» և «Ինտերը» համառ պայքար պետք է մղեն երկրորդ ուղեգիրը նվաճելու համար:
Ոչ միայն այս խմբի, այլև ամբողջ մրցաշարի բացահայտ ֆավորիտ «Բարսելոնան» հետաքրքիր տրանսֆերներ է իրականացրել և բազմից խոստացել է երկրպագուներին այս տարի նվաճել բաղձալի գավաթը: «Տոտենհեմը» ոչ շատ բարդ, բայց հետաքրիքր մրցակից է կատալոնացիների համար: Խմբային փուլի այս հանդիպումը կարող է շատ հարցերի պատասխաններ տալ:
«Տոտենհեմ»
«Տոտենհեմն» առաջին տուրում պարտություն կրեց «Ինտերից» և հայտնվեց բարդ իրավիճակում: Անգլիական ակումբի համար կատալոնացիներից միավոր խլելը, կարելի է ասել, անհրաժեշտ է: Սեփական հարկի տակ խաղալը, իհարկե, մեծ առավելություն է «Տոտենհեմի» նման թիմերի համար: Բացի այդ, նախորդ մրցաշրջանում Պոչետինոյի սաները սեփական հարկի տակ արդեն կարողացել են հաղթել իսպանական մեկ գրանդի՝ «Ռեալ Մադրիդին» (3:1):
Երեք անընդմեջ պարտությունից հետո լոնդոնյան ակումբը կարողացավ հաղթանակներ տանել ներքին առաջնությունում: Լոնդոնցիները հաղթեցին «Բրայթոնին» (2:1) և «Հադերսֆիլդին» (2:0):
Ընդհանուր առմամբ «Տոտենհեմի» գործերն այնքան էլ վատ չեն՝ բացառությամբ թիմի լազարեթի: Դելլե Ալի, Վինսենս Յանսսեն, Խուան Ֆոյտ, Սերժ Օրյե և Միշել Վորմ. այս բոլոր ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն: Բացի այդ, հարցականի տակ է նաև Մուսա Դեմբելեի, Քրիստիան Էրիկսենի, Յան Վերտոնգենի և Ուգո Լյորիսի մասնակցությունը:
«Բարսելոնա»
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» հիանալի խաղաց՝ ջախջախելով հոլանդական ՊՍՎ-ին (4:0): Սակայն կատալոնացիների համար այս հաղթանակը միակն էր վերջին չորս խաղերում: Կապտանռնագույնները չկարողացան հաղթել «Ժիրոնային» (2:2), «Աթլետիկին» (2:2) և անակնկալ պարտություն կրեցին «Լեգանեսից» (1:2):
Սակայն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնան» սովորաբար խնդիրներ չի ունենում: Նախորդ մրցաշրջանում կատալոնացիներն այս փուլում վաստակեցին 14 միավոր և հանգիստ անցան հաջորդ փուլ:
Կատալոնացիները ևս ունեն խնդիրներ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հետ: Կատալոնացիների կազմում չեն կարող խաղալ Սերխի Ռոբերտոն, Սամպերը և Սամուել Ումտիտին: Վերջինս որակազրկված է: Բացի այդ, Սամուել Ումտիտին կարող է մի քանի ամիս բաց թողնել վնասվածքի պատճառով: Ֆրանսիացի ֆուտբոլիստը ստացել է ծնկի վնասվածք: Նա վստահաբար բաց կթողնի մի քանի խաղ:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Տոտենհեմը» հաղթել է տնային 5 խաղերից 4-ում
- «Բարսելոնան» չի կարողանում հաղթել երեք խաղ անընդմեջ
- «Բարսելոնան» գոլ է բաց թողել վերջին 6 խաղերից 5-ում
- «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի վերջին արտագնա 7 խաղերում հաղթել է միայն մեկ անգամ
- «Տոտենհեմը» չի կարողացել հաղթել «Բարսելոնային» երեք անձնական հանդիպումներում: Վերջին խաղը տեղի է ունեցել ամռանը՝ Չեմպիոնների միջազգային մրցաշարի շրջանակներում: Կատալոնական ակումբը հաղթել է 2:0 հաշվով:
Մասնագետները նշում են, որ այս դիմակայության ֆավորիտը կարող էր լինել «Տոտենհեմը»՝ հաշվի առնելով այն խնդիրները, որ ունի հիմա «Բարսելոնան»: Սակայն, լոնդոնյան ակումբի վնասվածք ունեցող ֆուտբոլիստները խառնում են բոլոր քարտերը: Ամեն դեպքում, այս դիմակայությունը խոստանում է լինել շատ հետաքրքիր և, գուցե, որոշիչ այս խմբի համար:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան