ԵԱՏՄ-ն ու Եգիպտոսը կարող են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել 2018թ. վերջին
Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի և զարգացման գոտի ստեղծելու բանակցությունները սկսելու ժամկետների վերաբերյալ քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Իհաբ Նասրը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին բանակցությունները սկսվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանձնարարականի հիման վրա: «Մեր 5 երկրները պատրաստակամություն են հայտնել սկսել ձեզ հետ այդ բանակցային գործընթացը: Դա ավելի քան կարևոր է, քանի որ մենք Եգիպտոսի հետ ավանդական ջերմ հարաբերություններ ունենք, իսկ հիմա հնարավորություն կա դրանք ամրապնդելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր կողմից ՌԴ-ում Եգիպտոսի դեսպանն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների և Եգիպտոսի համագործակցության արմատները շատ խորն են: Նրա կարծիքով՝ ժամանակն է պատմական ժառանգությունը իրական տնտեսական համագործակցության վերածելու: Եգիպտոսի դեսպանն ընդգծել է, որ Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ երկրների հասարակություններն աջակցում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը:
Իհաբ Նասրի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև համագործակցության հեռանկարային կետ կարող է հանդիսանալ Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտին, որի բացումը պլանավորվում է 2018թ. դեկտեմբերին: