«Լուրջ դեմքով ասում են, որ բարեփոխումների ճանապարհին են, բայց ո՞ւր է». բողոքի ցույց Արարատյան մաքսատանը

Արարատյան մաքսատան մոտ ավտոմեքենաների հերթը մի քանի կիլոմետր է ձգվում։ Յուրաքանչյուր ավտոմեքենայի մաքսազերծումն օրեր է տևում։ Օրենքով նախատեսված 10 օրվա ընթացքում մաքսազերծում «չհաջողացնելու» դեպքում մարդիկ ստիպված են լինում մեքենան հանձնել մաքսային պահպանության և դրա համար էլ օրավարձ վճարել։

Հրաչ Հայրապետյանը, արդեն 4-րդ օրն է, սպասում է, բայց անգամ չգիտի, թե իրեն երբ բախտ կվիճակվի մաքսազերծել մեքենան։

«Ներվերս դողում ա, արդեն չեմ ուզում գամ ստեղ, 4-րդ օրն ա, 4-րդ օրը, հերթը մորթում ա իրար…»,- մեզ հետ զրույցում ասաց Հ.Հայրապետյանը։

Ըստ նրա ՝ նոր ներկրված ավտոմեքենայի պետհամարանիշ կարելի է ստանալ թե՛ Վանաձորի, թե՛ Ճանապարհային ոստիկանության այլ բաժիններից, իսկ մեքենայի մաքսազերծումը միայն Արարատյան մաքսատանն է կատարվում։ Ընդ որում, նկատեց քաղաքացին, Վրաստանում ավտոմեքենայի մաքսազերծման ողջ գործընթացը 15 րոպե է տևում, հետո էլ ասում են՝ մի համեմատվեք վրացիների հետ։

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պահանջում են, որպեսզի մաքսազերծումն իրականացվի e-Invoicing-ի հիման վրա, մարդկանց համար ակնհայտ լինի մաքսազերծման արժեքը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, որևէ այլ ապացույց չպահանջեն և արագ սպասարկեն։

«Բանը հասնում է նրան, որ ասեն՝ Գերմանիայից վաճառողին բեր, որ երդվի, որ նշված գնով է վաճառել մեքենան։ Ասում են՝ ճապոնականն արժանահավատ չի, գերմանականը արժանահավատ կլիներ, իսկ երբ գերմանական մեքենա է լինում, հակառակն են ասում։ Դռների մոտ պահակներից սկսած՝ մինչև յուրաքանչյուր պատուհանի աշխատակից, մաղարիչ է ուզում,- ասաց Ա. Խաչատրյանը՝ նկատելով, որ հեղափոխությունից հետո էլ մաքսատանը չեն ուզում հրաժարվել հին սովորույթներից ու կամայականությունից,- Միայն մի քիչ գումարներն են նվազեցրել։ Փոխանակ CO-ն՝ արտանետվող գազերի ստուգումը վերացնեն, 3000 դրամը դարձրել են 2000 դրամ, իբր բարեհոգություն են ցուցաբերում։ Թալանչիություն է տեղի ունենում։ Մենք էլ ակցիա ենք անում, թե՝ 2000-ը դարձրեք 3000 դրամ, 2000-ով ո՞նց տուն կպահեք, օրը 300 մեքենա եք սպասարկում, հազիվ էլ հերիքի»։

Ա. Խաչատրյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո ձևավորված  նոր իշխանության օրոք փոփոխություն չի եղել. «Հայտարարում են, թե մաքսազերծումը 20 րոպե է տևում։ Համաձայն ենք, որ վերջին պատուհանի մոտ 20 րոպե է տևում սպասելը, բայց թե քանի օրվա ընթացքում կհասնես այդ վերջին պատուհանին, հայտնի չէ։ 20 տարի նույն դրվածքն է, գնալով ավելի է վատացել։ Հուսով ենք՝ շատ արագ կզգոնանան, հիմա ցանկացած անարդարության, կամ երկակի ստանդարտի դեպքում ավելի ուժգին ակցիա ենք անելու։ Լուրջ դեմքով ասում են, որ բարեփոխումների ճանապարհին են, բայց ո՞ւր է։ Թողունակության խնդիր չկա, միայն պետք է ճիշտ կազմակերպել, որը չի արվում»։

Իրավապաշտպանի խոսքով՝ մեքենան, որ, օրինակ, օրինական 400 դոլարով պետք է մաքսազերծվի, ներկայացվում է, թե մաքսազերծման արժեքը 850 դոլար է, այսինքն՝ այդ ավել 450 դոլարը կրկին բյուջե է մտնում, բայց՝ անօրինական ներգործության արդյունքում։

«Վթարված մեքենաները, անգամ էլեկտրամոբիլներն են CO անցկացնում, եթե նույնիսկ հեծանվով գաս, CO են անելու, նաև բնապահպանական վճար են ուզում։ Ամեն ինչ պետք է տրամաբանություն ունենա և ցինիզմ չունենա։ Մենք այսօր հավաքվել ենք, որ բացատենք, որ ընկե՛ր ջան, կարող ենք քեզնից բեթար ցինիկ լինել, չի կարելի»,- ասաց նա։

Ա.Խաչատրյանը նշեց, որ բանակցել են Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության հետ, իրենք առաջարկների 80%-ի շուրջ համաձայնություն են եկել. «Երաշխավորել են, որ խնդիրները շատ արագ կլուծվեն։ Հույս ունենք, որ էդ մաղարիչն էլ դուրս կգա»։

Արարատյան մաքսատան վարչության պետի տեղակալ Արմեն Սաֆարյանի պնդմամբ՝ կամայականություններ չկան, կան կողմնորոշիչ գներ, և կան երկրներ, որոնցից ներկրվող ավտոմեքենաների համար ինվոյսը հիմք չի ընդունվում, որովհետև ցանկացած արժեք գրվում է դրանում։ Ոչ արժանահավատ երկրներ են Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը, իսկ Գերմանիան արժանահավատ է։

«Ճապոնիայի հետ կապված խնդիրներ կան, աճուրդից ձեռք բերված ինվոյսները հիմք են ընդունվում, մնացած ինվոյսները փոփոխության են ենթարկվում։ Ինչ վերաբերում է մաքսազերծման արժեքի իմանալ-չիմանալուն՝ ներկրողները նայում են կողմնորոշիչ գները, առանց պատկերացնելու, որ, եթե ինվոյսային արժեքն ավելի բարձր է, քան մեր կողմնորոշիչ գինը, պարտավոր ենք կիրառել ինվոյսային արժեքը, այսինքն՝ խնդիրն ավելի շատ իրազեկված լինելու մեջ է»,- ասաց Ա.Սաֆարյանը։

Ըստ նրա՝ արտանետվող գազերի ստուգման հարցն իրենց գործառույթների մեջ չի մտնում, մաքսատան տարածքում գործում են նաև ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանությունը։ Ամեն դեպքում, նրա կարծիքով, էլեկտրամոբիլների համար CO ստուգելն ու բնապահպանական վճար գանձելը տրամաբանական չի։

Քաղաքացիներից մեկի բողոքին, թե Բելգիայից 22 տարի օգտագործված ավտոմեքենա է գնել 600 եվրոյով, իսկ այստեղ բազային արժեքը 1450 դոլար է գնահատված, վարչության պետի տեղակալը պատասխանեց, որ նշված գինը վստահելի չէ։ Նա հավաստիացրեց, որ մաքսատան աշխատակիցներն օրենքից ելնելով են գործում։

«Բոլոր խնդիրները, որ այսօր առկա են, մանրամասնորեն գույքագրվել և քննարկվել են։ Ես համոզված եմ, որ շատ շուտով մենք ունենալու ենք բոլոր ստանդարտներին համապատասխան տարածք, որտեղ մաքսազերծումներն իրականացվելու են շատ հանգիստ և օրենքին համապատասխան»,- հուսադրեց Ա.Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս