«Կան որոշ ուժեր, որ ցանկանում են ընդմիշտ պառակտել ԵԿՄ-ն». Գագիկ Մելքոնյան
Ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը, օրակարգում հայտնվեց ԵԿՄ նոր ղեկավարի ընտրության հարցը։ Նախ շրջանառվեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունը։ ԵԿՄ վարչության անդամ, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանն ասել էր, որ Արամ Սարգսյանն ընդունված է բոլորի կողմից։ Այս ընթացքում, սակայն, շրջանառության մեջ դրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի անունը, և կարծիքներ հնչեցին, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամեն ինչ արվում է, որ ԵԿՄ-ն սպասարկի գործող իշխանության շահերը։
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ որպես ԵԿՄ ղեկավարի թեկնածու՝ շրջանառվում է նաև Արայիկ Խուդավերդյանի անունը, թեպետ իրենց դաշինքը խնդրի լուծման լրիվ այլ տարբերակ է առաջարկում։
«ԵԿՄ-ն ոչ մեկի սեփականությունը չէ, այն չի կարելի վերացնել, որովհետև դա կնշանակի՝ վերացնել պատմությունը։ Դրա համար կարելի է համախմբվել, վերակազմավորվել։ Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներին ԵԿՄ-ն համակարգված էր, ուժային կառույցներից որևէ մեկին սպարապետը թույլ չէր տալիս ԵԿՄ անդամ դառնալ։ Ամեն ինչ հարթ ու խաղաղ էր ընթանում։ 1999թ., երբ ԵԿՄ նախագահ ընտրվեց Մանվել Գրիգորյանը, վարչության անդամներ դարձան ծառայության մեջ գտնվող շատ բարձրաստիճան սպաներ։ Այսինքն՝ ուժային կառույցները ներգրավվեցին ԵԿՄ վարչության մեջ։ Դրանից հետո տեղի ունեցան ԵԿՄ մասնատման աշխատանքները, Մանվել Գրիգորյանի հետ շատ մարդիկ չէին ուզում աշխատել, ինչը նաև նախկին իշխանությունների պատճառով էր։ ԵԿՄ-ն սկսեց արդեն մասնատվել տարբեր հասարակական կազմակերպությունների»,- ասաց նա։
ԵԿՄ-ն, նրա խոսքով՝ սնվում էր պետությունից, ստանում գումարներ և ծառայում իշխանություններին. «ԵԿՄ-ն սերտաճեց իշխանությունների հետ։ ԵԿՄ վարչությունը 189 անդամ ունի, ովքեր պատգամավորներ, իշխանավորներ են, ՀՀԿ երևի բոլոր պատգամավորները ԵԿՄ անդամ են։ Երեք ամիս առաջ, երբ Մանվել Գրիգորյանին ձերբակալեցին, տեղի ունեցավ առնետավազք, շատերը փախան՝ նշելով, որ տեղյակ չեն ոչնչից։ Հիմա այդ 189 հոգուց մնացել է 30-ը՝ իսկական կռված տղերքը»։
Նրա դիտարկմամբ՝ ԵԿՄ-ն պետք է առողջացվի, վարչության անդամ լինեն միայն կռվածները. «Որոշեցինք ստեղծել նախաձեռնող խումբ, որպեսզի ԵԿՄ-ից գնացածներն էլ գան-մասնակցեն համագումարին, ընտրեն նախագահող խորհուրդ, ղեկավար կազմը լինի 5-7 մարդ։ Մի շաբաթից ավելի աշխատեցինք, հետո Արամ Սարգսյանը հայտարարեց, որ տղաներն իրեն խնդրել են դառնալ ԵԿՄ նախագահ, որ այդ կառույցը չցրվի։ Մեր դաշինքը Արամ Սարգսյանին դեմ չէր, բայց դեմ էր նախագահական համակարգին, որովհետև եթե մեկն է ղեկավարելու, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք»։
Սասուն Միքայելյանի թեկնածությունն առաջարկողները, ըստ նրա՝ նշել են, որ նա իշխանության ներկայացուցիչ է, դրա համար լավ կլինի, որ հենց Միքայելյանը դառնա ԵԿՄ ղեկավար. «Կան որոշ ուժեր, որ ցանկանում են ընդմիշտ պառակտել ԵԿՄ-ն, ինչի մեջ տեսնում եմ նախկին իշխանությունների ձեռագիրը, որովհետև ներկայիս իշխանությունների կողքին ուժեղ ԵԿՄ-ն նրանց ձեռք չի տալիս, ուժեղ ԵԿՄ-ի դեպքում նրանք երբեք չեն կարողանա վերադառնալ իշխանության»։
168.am-ը խնդրեց հստակեցնել, թե հարցի լուծման ինչ տարբերակ է առաջարկում «Ազատամարտիկների դաշինքը»։ Ի պատասխան՝ Մելքոնյանն ասաց, որ դեմ են նախագահի ինստիտուտին, ուզում են՝ համակարգող խորհուրդ լինի, որը մեկ տարի հետո իր միջից նախագահ կընտրի։