«Հրամանն ինքն է տվել, երկրի տերն ինքն է եղել, չի կարող դրանից փախչել». Գագիկ Մելքոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

«Ռոբերտ Քոչարյանը նորից ուզում է ասպարեզ գալ, բայց դա անհնար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

«Քոչարյանն ու նրա արբանյակները ինչքան էլ մեկը մյուսի վրա հույս դնեն, չի լինի, որովհետև արդեն ժողովուրդն իր աչքով տեսել է այդ մարդկանց։ Նրանք երբեք չեն կարող հետ գալ, թող հույսները կտրեն, ընդհակառակը՝ օգնեն այս իշխանություններին։ Իսկ ով հանցագործություն է կատարել, թող իր մեղքի չափով պատժվի»,- ասաց նա։

168.am-ը հետաքրքրվեց՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե իր դեմ ապօրինի գործողություններ են կատարվում, թե ինքը որպես նախագահ է հրաման տվել՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ, ինքն ի՞նչ կարծիք ունի այս ամենի առնչությամբ։ Ի պատասխան՝ Մելքոնյանը հետևյալն ասաց. «10 տարի ինքն ապօրինի գործողություն է կատարել, դա մոռացել է, հիմա որ պետք է օրենքի դաշտում պատժվի, դա համարում է ապօրինի։ Չի կարող այդպես լինել, հրամանն ինքն է տվել, երկրի տերն ինքն է եղել, չի կարող դրանից փախչել։ Հրամանը տվել է, դրա համար այդ զոհերի համար պետք է պատասխան տա»։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ նման գործողությունները հեղինակազրկում են պատերազմ անցած մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել Արցախի ազատագրման գործում, նա ասաց, որ պատերազմի ժամանակ մի նախագահ է եղել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Նրա օրոք պատերազմը սկսվել է, նրա օրոք՝ ավարտվել»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ Արցախում նախագահ չկա՞ր, նա այսպես արձագանքեց. «Կար՝ Ռոբերտ Քոչարյանը»։

Նա նշեց, որ հիմարություն են այն տեսակետները, թե Արցախում հայկական զորքերն առաջ են գնացել՝ ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի. «Առանց նախագահի թույլտվության չի կարող նման բան լինել։ Եթե ինքնագլուխ ես գնում, ապա զոհերի ու վիրավորների համար ո՞վ պետք է պատասխան տա։ Որ ասում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խաբար չի Շուշիի դեպքերից, բա էդ ո՞վ է խաբար եղել, մի քանի հոգի, հա՞, որ իրենց հերոսի տեղ են դրել»։

168.am-ի հարցին՝ Արցախի հարցի լուծման Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակին ինչպե՞ս է վերաբերվում, նա պատասխանեց՝ շատ վատ. «Մենք տարածքներ չունենք տալու, տարածքներ տվող չկա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս