Ճամբարակի փոխքաղաքապետը հերքում է քաղաքապետի և Գեղարքունիքի փոխմարզպետի միջև միջադեպի մասին լուրերը

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի և Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, հերքելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:

«Դրանք ընդամենն ասեկոսեներ են: Մեր փոխմարզպետների, մասնավորապես` Նարեկ Գրիգորյանի հետ Ճամբարակ համայնքի ղեկավարն իր գործնական և ընկերական հարաբերությունները նույն ջերմությամբ պահպանում է: Բացարձակ որևիցե միջադեպ տեղի չի ունեցել: Այդ լուրերը կեղծ են և չգիտենք, թե ինչ նպատակով է տարածվել»,- ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նարեկ Գրիգորյանը այցելել է Ճամբարակ և ջերմ ընդունելության արժանացել: Օհանյանի խոսքով` այցելության ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ծանոթացել է համայնքի խնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս