Բաժիններ՝

«Բոլորին բաժանում են նիկոլականների և հականիկոլականների. մենք բոլորս հայ ենք». հերոսի մայրը կոչով դիմում է բոլորին

«Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, նահատակված հերոս Արամայիս Ոսկանյանի մորը` Անուշ Հակոբյանին, զայրացրել է Կանանց եվրասիական 2-րդ համաժողովին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունը։ Ներկայացնելով «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը՝ Ա. Հակոբյանն ասել էր.

«Արցախի հակամարտությունը երկար տարիներ սառեցված էր, սակայն 2016 թվականի ապրիլին վերսկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, թեև դրանք տևեցին չորս օր, սակայն հասցրեցին 18-20 տարեկան հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանք խլել, շատ մայրեր կորցրեցին իրենց որդիներին։ Սահմանին այսօր էր լարված է, և մեծ է ռիսկը, որ ռազմական գործողությունները կվերսկվեն ցանկացած պահի։ Հասկանում եմ, որ քաղաքական նկատառումները և հասարակական ճնշումը կարող են խանգարել միանալ այս նախաձեռնությանը, բայց եթե այստեղ ներկա գտնվողներս ցանկանում ենք հասնել արդյունքների, պետք է պատասխանատվությամբ աջակցնենք աշխարհի տարբեր անկյունների հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Արցախի հակամարտության գործում այդ հնարավորությունը կա։ Միասին կարող ենք մարել Արցախի հակամարտությունը, զենքը պահեստ ուղարկել, որ այնտեղ ժանգոտվի, և խրախուսել տղամարդկանց՝ պայքարել բանակցությունների սեղանի շուրջ՝ մտքի և խոսքի ուժով»։

Այս հայտարարության առթիվ հերոսի մայրն ասել էր, որ սպիտակ զգեստներ հագնելուց և խաղաղության աղավնիներ դառնալուց առաջ պետք է հիշել, թե ո՞վ է թշնամին և ի՞նչ մարտավարություն ունի։ Նա նաև նշել էր, որ զենքը զինապահեստում ժանգոտելու փոխարեն՝ պետք է գործածել, որպեսզի ամեն օր սահմանին հայ զինվորներ չզոհվեն։

«Ցավոք, հեքիաթում չենք, մենք հրաշագործ փերիներ չենք և, պատմության բերումով, չենք էլ եղել, մենք ենք մեր որդիներին դարձրել այդպիսին՝ պահանջատեր, տոկուն ու հայրենասեր տղամարդ, ով գիտի հարձակողական և պաշտպանողական մարտավարության երանելի արդյունքի և հանձնվելու ու փախչելու ամոթալի վախճանի մասին: Նույնիսկ հիմա, երբ նրանք անմահացել են, մենք չպետք է դադարենք հանդես գալ «Ի զեն» կոչով, քանզի մեր սրտերում չի հանգել և շարունակում է բոցկլտալ ցասման անհագ կրակը, որը պահանջում է ոչ մի վայրկյան չլքել կռվի ասպարեզն ու պայքարել այնքան, որքան կբաբախի մայրական սիրտը»,- ասել էր Արամայիս Ոսկանյանի մայրը։

Կարդացեք նաև

Հերոսի մոր այս խոսքերից հետո մեծ աղմուկ է բարձրացել համացանցում, նրա հասցեին հնչել են մեղադրանքներ, ըստ որոնց՝ Անուշ Հակոբյանը լավ չի ընկալել վարչապետի տիկնոջ խոսքերի իմաստը։

168.am-ի հետ զրույցում Անուշ Հակոբյանը, դիմելով իր հասցեին քննադատություններ հնչեցնողներին, նշեց, որ շատ լավ է ընկալել Աննա Հակոբյանի խոսքերի իմաստը, և հորդորեց, որպեսզի իր գրառումը կարդան բոլոր գիտակից մարդիկ, որոնք շատ լավ գիտեն հայոց պատմությունը, ինչպես նաև՝ Հայաստանի թշնամուն։

«Իմ գրածը կարդացողները թող ևս մեկ անգամ էլ կարդան, ինչո՞ւ չեն ուզում գիտակցել, որ, եթե մենք զինված չլինենք, թշնամին Արցախը գրավելով՝ կհասնի Երևան, ինչո՞ւ չեն հասկանում, որ մենք սպիտակ զգեստ հագնելու փոխարեն՝ զենք պետք է վերցնենք, պաշտպանենք այն հողերը, որոնք ազատագրվել են մեր որդիների արյան գնով։ Այո, ես ի զեն եմ հայտարարում։ Ե՞րբ են գիտակցելու, որ նման մարտավարությամբ երբեք հարցեր չեն լուծի»,- ասաց Անուշ Հակոբյանը։

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ վարչապետ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանից առաջ շատերն են եղել, որ փորձել են նույն կերպ դառնալ խաղաղության աղավնիներ, սակայն հասկացել են, որ չեն կարող, քանի որ դեմ են առել թշնամու ագրեսիային, որը սեփական զենքն ուղղում է նաև խաղաղ բնակիչների ուղղությամբ։

«Այսօր բոլորին բաժանում են նիկոլականների և ոչ նիկոլականների, ով որևէ քննադատություն է հնչեցնում իշխանությունների հասցեին, դարձնում են հականիկոլական։ Լսե՛ք, չպետք է բաժանում լինի մեր ժողովրդի մեջ, մենք բոլորս հայ ենք, ինքս էլ իշխանափոխության օրերին կանգնած եմ եղել մեր երիտասարդների կողքին, այսօր ինչո՞ւ են բոլորին թշնամացնում, լարում միմյանց դեմ»,- շեշտեց Ա. Հակոբյանը։

Զրույցի ավարտին Անուշ Հակոբյանը հայտարարեց, որ պատրաստ է զենքը ձեռքին կանգնել ու պաշտպանել հենց այն դիրքը, որտեղ զոհվել է որդին, պատրաստ է պայքարի, այլ ոչ թե՝ սպիտակ զգեստ հագնելու։

Հերոս Արամայիս Ոսկանյանը ​​​​​ծնվել է 1996թ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Ընտանիքում երեք քույրերի կրտսեր եղբայրն էր: Սովորել է Գավառի N9 հիմնական դպրոցում, այնուհետև ընդունվել Երևանի Ագրարային համալսարանի ֆինանսներ բաժինը: 2014 թվականին ծառայության է անցել ԼՂՀ Մարտունիի N զորամասում:

2016թ. հունվարի 9-ին իրականացնելով մարտական հերթապահություն, որի ժամանակ նկատել է իր մարտական դիրքի ուղղությամբ թշնամու ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցումը: Առաջ մղվելով՝ փորձել է պաշտպանել առաջին անգամ մարտական հերթափոխ իրականացնող զինվորին և փրկելով նրա կյանքը, մարտիրոսվել է:

Արամայիս Ոսկանյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար», ԼՂՀ Նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալներով:

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս