«Նա պարզապես խաղացող է: Ոչ մի խաղացող ավելին չէ, քան ակումբը». Մոուրինիոն՝ Պոգբայի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Վեստ Հեմի» հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է իր և կիսապաշտպան Պոլ Պոգբայի հարաբերությունները վերջին շրջանում:
Պորտուգալացի մասնագետը մանրամասն չի պատմել, թե ինչ է ասվել իր և Պոգբայի խոսակցության ընթացքում: «Ես չեմ կարող ասել ձեզ: Մարզումը բաց էր: Դուք ունեիք մի քանի տեսախցիկ և մի քանի բառեր կարողացաք կորզել: Ես չեմ մեկնաբանի, քանի որ դա անհատական զրույց էր:
Ինչ վերաբերում է փոխավագությանը: Դրա մասին գիտեն միայն այն մարդիկ, ովքեր պետք է իմանան. թիմը և Պոլը: Նրանք մանրամասն գիտեն, թե ինչ պատճառներով ես և իմ մարզչական անձնակազմը որոշեցինք դա անել:
Ես միշտ վերլուծում եմ խաղացողին՝ որպես խաղացող: Երբ խաղացողն ավագ է, ես նրան վերլուծում եմ թե՛ որպես խաղացողի և թե՛ որպես ավագի: Շաբաթվա վերլուծության և կարծիքների փոխանակման արդյունքում իմ մարզչական անձնակազմը և ես զգացինք, որ Պոլը պարզապես խաղացող էր, այլ ոչ թե ավագ: Որոշումը կայացվել է:
Ես ասել եմ այդ մասին խաղացողներին: Դուք հարցրիք ինձ դրա մասին երեքշաբթի երեկոյան, և ես հաստատեցի: Պատմությունն այսքանն է: Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ոչ ոք ավելի լավ չի մարզվել, քան Պոգբան: Ոմանք նույն կերպ մարզվեցին, բայց ոչ ոք ավելի լավ չէր զգում իրեն: Նա կշարունակի խաղալ, դրանով պատմությունը կավարտվի: Պոգբան մյուսների նման խաղացող է, նա պարզապես խաղացող է: Ոչ մի խաղացող ավելին չէ, քան ակումբը»,- նշել է Մոուրինիոն:
Ավելի վաղ, Մոուրինիոն Պոգբային զրկել էր ակումբի փոխավագի կարգավիճակից: Դրանից հետո անգլիական մամուլը գրեց, որ Պոգբան հայտնել է Մոուրինիոյին, որ հեռանում է մանչեսթերյան ակումբից:
Սիրարփի Աղաբաբյան