Պետք է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Հայաստանը գաղութացված է, ուստի պետք է ազատագրվի. Վարուժան Ավետիսյան

«Հայության լույսը բացվելու ժամանակն է, վերաստանձնելու մեր ազգային առաքելությունը»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Ըստ նրա՝ ամեն բան, այդ թվում՝ ազգը, կորցնում է ամեն ինչ, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը. «Մենք շեղվել ենք մեր առաքելությունից, դրա համար տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ»:

Ըստ Վ.Ավետիսյանի՝ առաջին քայլը մտածողության փոփոխությունն է, որ յուրաքանչյուրն ինքն է իր գլխի ու երկրի տերը, կարող է ստեղծել ազգային պետություն: Նա նշեց, որ վճռական «մենակի» կողքին մշտապես ներկա է բարձրյալի աջը:

Վ.Ավետիսյանը խոսեց ռուս-թուրքական դաշինքից և կարծիք հայտնեց, որ Հայաստանը գաղութացված է, ուստի պետք է ազատագրվի, հաղթահարի ռուս-թուրքական դաշինքի երկընտրանքը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ սպիտակ ցեղասպանությունը չի կարող գերադասելի լինել կարմիր ցեղասպանությունից. «Մենք մերժում ենք ներկայիս ՀՀ պետականությունը՝ որպես ռուս-թուրքական դաշինքի, երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, և հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատող կործանարար սկզբունքը: Մենք ընդունում ենք Առաջին հանրապետության իրավակարգային հայեցակարգը»:

Վ.Ավետիսյանը նշեց 4 կետեր.

Ա. պետք է շարունակել հիմնադրել նոր հանրապետություն՝ համայն հայության կամքն արտահայտող հնարավորություն ունեցող ՀՀ և արցաբնակ հայությամբ, հանրաքվեի միջոցով՝ ներկայիս ՀՀ և Արցախի սահմանադրական տարածքի վրա,

Բ. միջազգային պայմանագրերի հենքի վրա հայության այլ անօտարելի իրավունքների եվրատիրացման և ռուս գաղութացումից ազատագրման գործընթաց,

Գ. Նախիջևանի և Քուռ գետի աջ ափին նոր հանրապետության ձևավորում,

Դ. իրականացնել համակարգային փոփոխություններ, ընդունել նոր Սահմանադրություն:

«Համակարգային փոփոխությունները պետք է ստեղծեն նոր կյանքի որակ»,- ասաց Վ.Ավետիսյանը՝ հավելելով, որ կստեղծեն նաև իրավատեր հայ քաղաքացի, հայրենադարձություն, ծնելիության շեշտակի աճման պայմանների նախադրյալներ, արդար դատական համակարգ՝ դատավորների ժողովրդական ընտրության սկզբունքով, և այլն:

Նա նշեց, որ պետք է համագործակցություն ծավալել Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի հետ, վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս