ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաները, դրանց առանձին ագրեգատները ու հանգույցները հանվելու են աճուրդ-վաճառքի
Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի՝ հոկտեմբերի 30-ին կայանալու է ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաների, դրանց առանձին ագրեգատների ու հանգույցների աճուրդ-վաճառք:
Աճուրդ-վաճառքին կարող են մասնակցել զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները, զինվորական հաշմանդամները, պահեստազորի զինծառայողները, ԱՀ ՊՆ և ՊԲ համակարգի զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք:
Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԱՀ ՊՆ սոցիալական պաշտպանության բաժին: Հեռ.՝ (047) 95 02 35
ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաների, դրանց առանձին ագրեգատների ու հանգույցների աճուրդի անցկացման կանոնակարգը՝ ստորև:
Հավելված ԱՀ պաշտպանության նախարարի 2018 թ-ի ________ _________N հրամանի
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՊԲ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում է ՊԲ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաները, դրանց առանձին ագրեգատներն ու հանգույցները աճուրդների միջոցով մասնավորեցման գործընթացը։
2. Սույն կանոնակարգով իրականացվող աճուրդի ձևը դասականն է:
3. Աճուրդների ընթացքում վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
4. Աճուրդներն իրականացնում է ԱՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով): Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
II ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
1. Աճուրդը կազմակերպվում է հրապարակային ծանուցման մեջ նշված օրը և ժամերին:
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտիկ» պաշտոնաթերթում և www. nkrmil.am պաշտոնական կայք էջում և զետեղվում է աճուրդի կայացման վայրում` աճուրդի օրվանից առնվազն 30 օր առաջ:
3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:
4. Գույքի վիճակի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հրապարակված տվյալների անճշտության համար հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում, եթե անճշտությունը չի կատարվել վերջինիս կողմից:
5. Սույն կանոնակարգին կարելի է ծանոթանալ աճուրդի կազմակերպման վայրում կամ ԱՀ պաշտպանության նախարարության www.nkrmil.am պաշտոնական կայք էջում:
III ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՈՏԻ* ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, զինվորական հաշմանդամները, պահեստազորի զինծառայողները, ԱՀ ՊՆ և ՊԲ համակարգի զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ովքեր սահմանված կարգով աճուրդին մասնակցելու դիմում են հասցեագրել ՊԲՀ վարչական խմբի ղեկավար–հրամանատարի օգնական (ձև 1) և ստացել են աճուրդի մասնակցի վկայական (ձև 2):
2. Մինչև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ մնացորդային արժեք ունեցող ավտոմոբիլային տեխնիկայի համար մեկնարկային գինը սահմանվում է 50.000 դրամ, իսկ 50.000 դրամից բարձր մնացորդային արժեքով ավտոմոբիլային տեխնիկայի մեկնարկային գինը սահմանվում է մնացորդային արժեքի չափով:
3. Աճուրդի մասնակիցներն ազատված են աճուրդի մասնակցության վճարից:
4. Նախքան աճուրդի բացումը մասնակիցներն իրավունք ունեն ՊԲ 39590 զորամասում ծանոթանալու աճուրդի ծանուցման մեջ նշված ավտոմոբիլային տեխնիկային` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 09:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով աճուրդի մասնակցի վկայականը:
5. Աճուրդի օրը` մինչև աճուրդի սկսվելը, հանձնաժողովը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթերը, և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է ներկայացված մասնակցի վկայականի համարին համապատասխան քարտ:
6. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
IV ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Աճուրդներն անցկացվում են դասական (գնի ավելացման) եղանակով:
2. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային նվազագույն քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով և կարող է կլորացվել հարյուր դրամի ճշտությամբ մինչև առավելագույն ամբողջ թիվը:
3. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր` մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին:
4. Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:
5. Աճուրդի ժամանակ յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի գնային հայտերով կամ հայտի չափից ոչ պակաս գումարով, բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը):
6. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից՝ աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարելուց և մուրճիկի երրորդ հարվածից հետո:
7. Եթե աճուրդի ժամանակ մի քանի մասնակիցներ հավասար չափով միաժամանակ գնային հայտ են ներկայացրել, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա առավելությունը տրվում է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և զինվորական հաշմանդամներին, իսկ եթե գնային հայտ միաժամանակ ներկայացրել են նույն կարգավիճակ ունեցող մասնակիցներ, ապա աճուրդավարը աճուրդում հաղթող համարված մասնակցին որոշում է վիճակահանությամբ:
8. Վիճակահանությամբ աճուրդում հաղթող համարված մասնակցի որոշումը կատարվում է հետևյալ պայմաններով.
աճուրդային հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մասնակիցներին, այնուհետև մասնակցի վկայականին համապատասխան համարը պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ: Աճուրդում հաղթող է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարը աճուրդավարը առաջինն է հանում արկղից:
9. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և հանձնաժողովը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, որի մեկ օրինակը, հաղթողի կողմից լրիվ վճարումները կատարելու դեպքում, հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հաղթողին:
10. Եթե աճուրդի հաղթող ճանաչված անձը արձանագրության վերաբերյալ առարկություններ է հայտնում, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:
V ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ
1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, ժամկետ սահմանված չլինելու դեպքում, աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտ(եր)ի գինը:
2. Աճուրդում հաղթող ճանաչված անձին երկու օրինակից տրվում է վճարման հանձնարարագիր, որոնցից մեկը մնում է հանձնաժողովի մոտ (ձև 3):
3. Աճուրդում հաղթող ճանաչված անձը վճարման հանձնարարագրում նշված գումարը սահմանված ժամկետում փոխանցում է ԱՀ պաշտպանության նախարարությանը` ՊԲ ֆինանսական բաժնի դրամարկղ և վճարումը հիմնավորող փաստաթուղթը ներկայացնում է հանձնաժողովին:
4. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը հանձնաժողովի հետ միասին ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանգրի ուժ (ձև 4):
VI ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`
1) աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը և հրաժարվել է գույքը ձեռք բերելուց,
2) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ:
2. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն (ձև 5):
3. Նույն լոտը 3 աճուրդում չվաճառվելու դեպքում Հանձնաժողը տվյալ գույքի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկում է ՊԲ սպառազինության ավտոմոբիլային ծառայություն` խոտանելու:
VII ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հանձնաժողովը կազմակերպում է աճուրդի փաստաթղթային ձևակերպումները և դրանք պահում աճուրդի ավարտից հետո 3 տարվա ընթացքում:
Լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն