Բաժիններ՝

«Երբ դուրս եկա գորգ՝ առաջին բանը, որ եկավ աչքիս առաջ, անցած տարվա գոտեմարտն էր, որտեղ պարտվել էի»

Ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում: Հայաստանի հավաքականը միշտ էլ ֆավորիտների շարքում է թե աշխարհի, թե Եվրոպայի առաջնություններում: Ավագների կողքին գալիս է մի նոր սերունդ, որը փորձում է իր տեղը հաստատել համաշխարհային հսկաների կողքին, ինչը, բարեբախտաբար, նրանց հաջողվում է: Նրանցից մեկը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության փոխչեմպիոն և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանի եղբորորդի Մալխաս Ամոյանն է: Երիտասարդ ըմբիշն այս տարի դարձավ աշխարհի չեմպիոն:

-Մալխաս, պատմեք խնդրեմ, ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով:

-Փոքր տարիքից տեսել եմ, թե ինչպես է հորեղբայրս` Ռոման Ամոյանը, մարզվում հունահռոմեական ոճի ըմբշամարտով: Երբ հավաքներից, միջազգային մրցաշարերից վերադառնում էր, վերցնում էի նրա մարզահագուստը, հագնում այն, և նույնիսկ եղել են օրեր, երբ դրանցով էի քնում: Երբ ոչ մեկը չէր խաղում ինձ հետ` «ըմբշամարտով էի զբաղվում»… բարձի հետ: Ամենուր Ռոմանի հետ էի, և փոքր տարիքում իմ տեսածը միայն ըմբշամարտն է եղել: Ահա ինչու եմ այսքան սիրում այս մարզաձևը: Ընտանիքի անդամները չընդդիմացան իմ այն որոշմանը, որ զբաղվեմ այս մարզաձևով: Ինձ այլ մարզաձևում չեմ տեսնում:

-Բացի սպորտից այլ կրթություն ունե՞ք:

-Հիմա նաև սովորում եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն քննությունները բաց թողնելու պատճառով փոքր-ինչ խնդիրներ ունեմ…

-Այս տարի դարձաք ըմբշամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն. ի՞նչ է այն ձեզ համար:

-Ըմբշամարտի աշխարհի առաջնություններում նախորդ տարիների պարտությունները համարում եմ ինչ-որ տեղ իմ թերացումների պատճառ: Հիշելով նախորդ տարիների բացթողումները՝ փորձեցի շատ կենտրոնացած մոտենալ յուրաքանչյուր գոտեմարտի: Մարզումների ճշտությունը և հոգեբանորեն ճիշտ մոտեցումը հանգեցրին նրան, որ կարողացա դառնալ աշխարհի երիտասարդների չեմպիոն:

-Ի՞նչ կասես եզրափակիչ գոտեմարտի մասին:

-Երբ դուրս եկա գորգ՝ առաջին բանը, որ եկավ աչքիս առաջ, անցած տարվա գոտեմարտն էր, որտեղ պարտվել էի: Հիշելով սխալներս՝ փորձեցի չկրկնել դրանք այստեղ:

-Մալխաս, ի՞նչ ապագա եք տեսնում ձեզ համար, Տոկիոյի խաղերին մասնակցելու հեռանկար ունե՞ք:

-Երիտասարդ եմ շատ և դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի: Ամեն դեպքում դեռ մեկ տարի շարունակելու եմ հանդես գալ երիտասարդների հավաքականի կազմում: Ամեն ինչ կախված է մարզիչների որոշումներից: Բայց Օլիմպիական խաղերի ուղեգրի համար դեռևս շատ փուլեր ունեմ անցնելու:

-Ո՞վ է ձեզ համար ըմբշամարտիկի այն օրինակը, որին ուզում եք հետևել:

-Իհարկե, Ռոման Ամոյանը: Սակայն ես փորձում եմ գերազանցել Ռոմանին: Երբ այս կամ այն մրցաշարին էր գնում, միշտ ուսումնասիրում էի նրա հակառակորդներին: Բայց ես հպարտանում եմ մեր բոլոր ըմբիշներով` Ամոյանով, Ջուլֆալակյանով, Ալեքսանյանով, Մանուկյանով: Նրանց եմ նայում և ուզում եմ նմանվել նրանց:

-Մալխաս, հիմա հանդես եք գալիս 67 կգ քաշային կարգում, սակայն աշխարհի այս առաջնությանը մասնակցեցիք 72 կգ քաշում: Հետագայում ո՞ր քաշային կարգում եք տեսնում ձեզ:

-Օլիմպիական քաշային կարգ համարվում է 67 կգ-ն, հիմա 67-77 քաշային կարգերի արանքում եմ, սակայն ավելի շատ հակված եմ գոտեմարտելու 67 կգ քաշում: Իմ քաշային կարգում թույլ կամ ուժեղ մրցակիցներ չկան, բոլորն էլ իրենց ուժեղ կողմերն ունեն: Չեմ թերագնահատում ոչ մեկին:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Հիմա հանդես եմ գալիս գերմանական Բունդեսլիգայում: Արդեն մեկ գոտեմարտ անցկացրել եմ, պլանավորում եմ ևս երկուսն անցկացնել: Հետո մի քիչ դադար կվերցնեմ և կսկսեմ պատրաստվել հաջորդ մրցաշրջանին:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Տաթև Դուրյանի և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս