«Մենք ամենօրյա բանակցությունների մեջ ենք». ՀՀ կառավարությունը ցորենի ներկրման այլընտրանքային ուղիներ է փնտրում
«Ես երեկ եմ խոսել Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի հետ, կոնկրետ որոշում դեռ չի ընդունվել, բայց հավաստիացրեցին, որ 95%-ով կընդունվի, մինչև մյուս տարի հոկտեմբեր 1-ը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը՝ անդրադառնալով Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծման-արտահանման արգելքի կիրարկման ժամկետի երկարաձգմանը։
Ըստ նրա՝ վրացի գործընկերների հետ ամենօրյա բանակցություններ են վարում, նաև ցորենի ներկրման այլընտրանքային ուղիներ են փնտրում։
Թե ի՞նչ է լինելու 1 տարի անց, նախարարը պատասխանեց. «Այդ ժամանակահատվածում շատ բան կարող է փոխվել»։
Հիշեցնենք, որ Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծման-արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվել էր մինչև այս տարվա վերջը, ապա այդ ժամկետը երկարաձգվել է մինչև մեկ տարի։
Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում ցորեն ներկրողները լայնածավալ բողոքի ակցիա էին կազմակերպել` Վրաստանի մայրաքաղաքի շրջաններից մեկում` Լիլոյում, փակելով ազատ տնտեսական գոտին։ Նրանք ասել էին, որ, եթե երկրի իշխանությունները չփոխեն նախորդ որոշումը և չեղյալ չհայտարարեն ավտոտրանսպորտային միջոցներով ցորեն ներկրելու արգելքը, խոստանում են Վրաստանին իսկական շրջափակման մեջ գցել` կաթվածահար անելով կենտրոնական բոլոր մայրուղիները։
Մանրամասները՝ տեսանյութում։