Վրաստանում խոնարհված են պետական դրոշները Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ
Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ եւ ի հիշատակ աբխազական պատերազմում զոհվածների սեպտեմբերի 27-ին Վրաստանի պետական դրոշները խոնարհված են երկրի ամբողջ տարածքում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն, պետական դրոշները խոնարհված են Վրաստանի կառավարության վարչակազմի շենքի եւ երկրի բոլոր վարչական մարմինների շենքերի վրա:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղիկներ է դրել Վրաստանի միասնության համար զոհվածների հուշահամալիրին:
«Սեպտեմբերի 27-ը վրացիների ու աբխազների ընդհանուր ողբերգությունն է ռուսական ագրեսիայի պատճառով, որին հետեւեց մեր ընդհանուր երկրի օկուպացումը: Այսօր մենք պարտավոր ենք միայն խաղաղ ճանապարհով ամեն ինչ անել ապաօկուպացումն ու ընդհանուր բարօրությունն ապահովելու համար»,-հայտարարել է նախարարը:
Աբխազիայում ռազմական դիմակայությունն սկսվել Է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Վրաստանի կառավարական զորքերի եւ աբխազական ուժերի միջեւ հակամարտությունը տեւել է 13 ամիս եւ 13 օր: