Բաժիններ՝

Մութ հանելուկ

1969 թվականի մարտի 28-ի «Գրական թերթ»-ի թիվ 13 համարում հրապարակվում է Գուրգեն Մահարու բանաստեղծությունների շարքը՝ հինգ բանաստեղծություն, որոնցից առանցքայինն է «Հրաժեշտ»-ը:

Առողջական վիճակի վատթարացման պատճառով հունվարը Մահարին անցկացրել էր հիվանդանոցում, որտեղ և գրել էր վերոհիշյալ շարքը՝ իր վերջին չափածո տողերը և հրաժեշտի խոսքը: Սակայն 1969 թ. հունվարի 28-ով թվագրված «Հրաժեշտ» բանաստեղծության բնագիրը (որի գոյության մասին մինչև վերջերս հայտնի չէր), ունի «Անքնություն» (Տերյանական) խորագիրը և «Սիրելի Գ. Վիրապյանին» ձոնը: «Անքնություն»-ը նաև հրաժեշտի խոսք է, որը Մահարին հասցեագրել է Գևորգ Վիրապյանին՝ ում ձոնել է այդ բանաստեղծությունը, որին 60-ականներին սովետահայ գրական շրջաններում ճանաչել են՝ որպես թարգմանիչ: Հանելուկն այստեղ այն է, որ Մահարին դիմում է բանաստեղծի:

Գևորգ Վիրապյանի բանաստեղծ լինելու մասին չգիտեր ոչ ոք, բացառությամբ՝ Մահարու ու ևս մեկ-երկու բարեկամ գրողների: Նա երբեք իր գրածները չէր հրապարակում (չհաշված երկու բանաստեղծություն՝ տպագրված 1959 թ. «Երիտասարդ ձայներ» գրական-գեղարվեստական ժողովածուի չորրորդ գրքում), և ներկայանում էր բոլորին՝ որպես թարգմանիչ: Ի՞նչն է ստիպել նրան այդպես վարվել՝ կբացահայտի այս հրապարակումը:

Այսպես, «Անքնություն» բնագիրը Մահարին փոխանցում է Վիրապյանին և, մի քանի բառ փոխելով, հրապարակում բանաստեղծությունը՝ որպես «Հրաժեշտ»: Հուլիսի 16-ին գրողը կնքեց իր մահկանացուն:

Կարդացեք նաև

Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո, «Անքնություն» բնագրի հանելուկն այդպես էլ չբացահայտվեց, քանի որ հետագայում ունեցավ այլ ընթացք: Գրեթե կես դար հետո միայն հնարավոր եղավ բացել փակագծերը և ճանաչել մի բանաստեղծի, ում ժամանակակիցները գիտեին՝ որպես թարգմանիչ, բացառությամբ Մահարու, ով գիտեր նաև ուրիշ՝ «քանքարաթաքույց» Գևորգ Վիրապյան (Մահարի՝ 28-ը հունիսի 1966 թ., Պալանկա). բացահայտել և հասկանալ հանելուկի խորհուրդը:

Բանաստեղծ Գևորգ Վահանի Վիրապյանը ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 24-ին, Աշտարակում, առևտրականի ընտանիքում: Մայրը ծնունդով Աշտարակից էր, հայրը՝ ծագումով Լեռնային Ղարաբաղից: Նա գինի էր արտահանում Ռուսաստան, վաճառում, այնտեղից ցորեն ներմուծում: 1927 թվականին Վիրապյանը զրկվում է հորից: Համաճարակի ժամանակ հիվանդանում է տիֆով և բուժվում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Ավարտելով 7-րդ դասարանը, տեղափոխվում է Երևան և ընդունվում առևտրի ուսումնարան, բայց երկու տարուց կրկին վերադառնում է դպրոց՝ կիսատ թողած նախնական ուսումն ավարտելու համար: Դպրոցն ավարտելուց հետո Վիրապյանը պատրաստվում էր ուսումը շարունակել Մոսկվայում, սակայն 1937-ին, ավարտական դասարանի վերջին օրերին, հենց դպրոցում նրան ձերբակալում են. Սկզբում՝ ուղեկցում տուն, կատարելով խուզարկություն, գտնում են և այրում նրա բանաստեղծությունները, ապա՝ կալանավորում: Գործ հարուցելու առիթ հանդիսացել էր այն, որ շրջապատում անզգուշորեն ընթերցել էր խորհրդային պետության մասին գրած իր բանաստեղծությունները: Դրան հետևում է մատնությունը:

Քաղվածք գործից՝

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գևորգ Վիրապյանը զբաղվում է հակահեղափոխական բովանդակության բանաստեղծությունների վերարտադրությամբ և այլն…»:

Սկսվում են ամենօրյա ծանր հարցաքննությունները: Վիրապյանին այսպիսի մեղադրանք է ներկայացվում. «Նա մտնում է հակահեղափոխական նացիոնալիստական խումբ: Այդ խումբը պայքար է տարել դպրոցի կոմերիտական կազմակերպության դեմ, այն, դիտավորյալ կերպով, պառակտում ստեղծելով այնտեղ, հրահրում էր կոմսոմոլներին իրար դեմ՝ նպատակ հետապնդելով գրավել դպրոցական խմբագրական կոլեգիան». նաև մասնակցել է գաղտնի ժողովի: Որոշ ժամանակ անց նրան տեղափոխում են Երևան, նախ՝ ԿԳԲ-ի շենքի բանտախուցերից մեկը, որտեղ նա ծանոթանում է Գուրգեն Մահարու հետ, (ով 1936թ. օգոստոսի 10-ին ձերբակալվելուց հետո գտնվում էր այնտեղ), ապա՝ Երևանի կենտրոնական բանտ, որտեղ, երբ նրան դուրս են բերում սատանեական պտույտի (բանտարկյալների լեզվով ասած՝ զբոսանք՝ շրջանաձև քայլով բանտի բակում), տեսնում է բանտարկյալ Եղիշե Չարենցին: Գրում է «Սատանեական պտույտներ» քառյակը և հաջորդ պտույտներից մեկի ժամանակ, աննկատ փոխանցում Չարենցին: Չարենցը քառյակն ընթերցում է և մյուս պտույտին գլխով անելով՝ հայտնում իր շնորհակալությունը: Չարենցի կյանքի վերջին օրը Վիրապյանը, գտնվելով հարևան բանտախցում, լսում է նրա բարձրաձայն ասված վերջին հրաժեշտի խոսքերը…

Գևորգ Վիրապյանի դատը տեղի է ունենում 1938 թվականի հունվարի 13-ին, Աշտարակում: Վկայությունների վրա հիմնված մեղադրական դատավճռով՝ որպես տրոցկիստ, նացիոնալիստ, հայրենիքի դավաճան, հակահեղափոխական և այլն, նրան դատապարտում են 8 տարի ազատազրկման և աքսորում Միջին Ասիա, այնտեղից էլ, անհնազանդություն ցուցաբերելու համար, հյուսիս՝ Ռուսաստանի Վյատկա համակենտրոնացման ճամբար, որտեղ ամբողջ տարի՝ հիմնականում սաստիկ ցրտի և ձյան պայմաններում, կալանավորները զբաղված էին անտառահատմամբ: Անտառում կալանավորներին նույնիսկ չէին հսկում. առավոտյան բերում, իսկ երեկոյան վերադարձնում էին բարակները: Փախչելն ուղղակի հնարավոր չէր, որովհետև շուրջբոլորը հարյուրավոր կիլոմետրերով ձգվում էր անանցանելի վայրի տայգան: Վիրապյանը հասկանում է, որ այնտեղից կենդանի դուրս պրծնելու ոչ մի շանս չունի, բայց 1940 թվականի փետրվարի 7-ին, գիշերվա ժամը երեքին նրան ոտքի են հանում և հայտնում, որ իր գործը կարճվել է, նա ճանաչվել է անհանցանք, և, որ պետք է անհապաղ լքի ճամբարի տարածքը: Հենց գիշերով էլ նա ճանապարհվում է տուն: Վերադարձից մի քանի օր անց աշխատանքի է նշանակվում Օհանավան գյուղում՝ որպես ռուսաց լեզվի դասատու: Վիրապյանի կյանքում խաղաղ անդորրը շատ կարճ է տևում, և ընդհատվում է 1941 թվականի հունիսի 22-ին, երբ սկսվում է Հայրենական Մեծ պատերազմը: Վիրապյանը ներկայանում է զինկոմիսարիատ, հավաքագրվում և մի քանի օրից մեկնում Մոսկվա: Նա Մոսկովյան հատուկ բանակի հրաձգային զորամասի կազմում ճակատային գծում պաշտպանում էր Մոսկվան: Ռումբի պայթյունից հրաշքով կենդանի է մնում: Առաջին Բելառուսական ռազմաճակատի կազմում հասնում է մինչև Բեռլին, մասնակցում Բեռլինի գրոհին և պատերազմն ավարտում ռայխստագի գրոհով:

Պարգևատրվում է «Մարտական ծառայությունների համար», «Բեռլինը վերցնելու համար» և «Հայրենական պատերազմում մասնակցելու համար» մեդալներով: Որպես ռազմի դաշտում իրեն դրսևորած կրտսեր հրամանատար, նշանակվում է բանակի հրամանատարի համհարզ և, զորացրվելուց հետո, թողնվում Գերմանիայում օկուպացիոն զորքերի շտաբում՝ քաղաքացիական վարչական աշխատանքի: Երեք տարի աշխատում է՝ որպես առևտրի տեսուչ, առևտրի բաժնի պետի տեղակալ, Բեռլինի կենտրոնական գրախանութի տնօրեն, արդյունաբերական կոմբինատի պետ: Հրամանատարությունը Վիրապյանի աշխատանքից գոհ էր, և նրան առաջարկում են վերջնականապես կյանքը կապել զինվորական ծառայության հետ:

Երբ բացվում է Բեռլինի համալսարանը, Վիրապյանը սկսում է հաճախել պարապմունքներին և լսել դասախոսություններ: 1948 թվականին, երբ այդ մասին հայտնի է դառնում, նրան ասվում է. «Ուզում եք սովորել, սովորեք Խորհրդային Միության ցանկացած բուհում»: Իր խնդրանքով ազատվում է աշխատանքից, վերադառնում Խորհրդային Միություն և նույն թվականին ընդունվում Մոսկվայի առաջին օտար լեզուների ինստիտուտը: Նա արդեն 31 տարեկան էր: 1953 թվականին ավարտում է իտալերեն լեզվի և գրականության թարգմանական և գերմաներենի մանկավարժական ֆակուլտետները: Ինստիտուտում սովորելուն զուգահեռ, չորրորդ կուրսից սկսում է աշխատել՝ որպես իտալերենի և գերմաներենի սինքրոն թարգմանիչ: Ամուսնանում է: Կինը, Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո, տեղափոխվել էր իր մոտ և մանկաբույժ էր աշխատում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Վիրապյանը հանձնում է ասպիրանտուրայի քննությունները և պատրաստվում է ուսուցանել, բայց 1955 թվականին, ընտանեկան խնդիրների պատճառով, ստիպված վերադառնում է Հայաստան: Անգամ, Բարձրագույն կրթության նախարարության ուղեգիր ունենալով հանդերձ, համալսարանում նրան մերժում են աշխատել, պատճառաբանելով. «Դուք ենթարկվել եք ռեպրեսիայի և արդարացվել, բայց դուք կոմունիստական կուսակցության անդամ չեք, իսկ դասախոսը պետք է լինի կուսակցության անդամ: Ընդունվեք կուսակցության շարքերը, հետո եկեք»: Նրան մերժում են նաև Արդարադատության նախարարությունում և մնացած բոլոր տեղերում: Լեզուներին տիրապետող բարձրակարգ մասնագետը (հայերեն՝ ներառյալ գրաբար, արևմտահայերեն և բարբառներ, ռուսերեն, իտալերեն, գերմաներեն լեզուներից բացի, գիտեր նաև իսպաներեն և ֆրանսերեն), պահանջարկ չի ունենում: Բնագրից՝ իտալերենից թարգմանում է Կարլո Կոլլոդիի «Պինոքիոյի արկածները» հեքիաթը և 1955թ. հոկտեմբերին կնքում պայմանագիր «Հայաստան» հրատարակչության հետ, իսկ մեկ ամսից՝ ընդունվում աշխատանքի Հայպետհրատում, որտեղ երկար մնալ չէր պատրաստվում:

60-ականների սկզբին, այլևս չտեսնելով ոչ մի հեռանկար, որոշում է մեկնել Հայաստանից: Հենց այդ ժամանակ պարզվում է, որ իր ջահել կյանքի դառը օրերն անհետևանք չեն անցել, և, որ նա հիվանդ է կրծքային հեղձուկի սրտային ձևով:

Քաղվածք գործից՝

ՏԵՂԵԿԱՆՔ

«1937 թվականի հունիսի 26-ին բուժզննման արդյունքում պարզվել է, որ Գ.Վ. Վիրապյանը ներկայումս տառապում է խրոնիկ տենդախտով (փայծաղը մեծացած է) և սակավարյունությամբ»:

Եվ այդ հիվանդ վիճակում նրան հարցաքննել էին ամեն օր, տեղափոխել բանտից բանտ, դատել, դատապարտել, աքսորել: Այդ հարցաքննությունների հետևանքով նրա մոտ սկսվում են ուժեղ գլխացավեր, խախտվում է քունը, և, ինչպես ցույց է տալիս ժամանակը, ընդմիշտ:

Վիրապյանին հասցեագրված Մահարու բանաստեղծությունը կրում է «Անքնություն» խորագիրը:

Գևորգ Վիրապյանը տառապել է դաժանագույն անքնությամբ, որը նա ձեռք էր բերել ստալինյան բանտերից և որը ուղեկցեց նրան ողջ կյանքի ընթացքում: Հարազատները նրան երբեք քնած չեն տեսել: Անգամ քնի ժամանակ, որը շատ կարճ էր տևում, նրա միտքն արթուն էր: Բոլոր ջանքերն ու բուժումներն արդյունք չեն տալիս:

Գևորգ Վիրապյանը քառասուն տարի չի քնել: Դրա մասին նա ասել է. «Երբ շուրջբոլորը քնած են, մեկը պետք է արթուն մնա»:

Նման անքուն վիճակը քայքայում էր նրա առողջությունը, և 1964 թվականին, 46 տարեկան հասակում, Վիրապյանը հայտնվում է հիվանդանոցում՝ գամված մահճակալին, սուր ինֆարկտ ախտորոշմամբ: Երկու ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո նա դուրս է գրվում՝ քաջ գիտակցելով, որ այլևս չի կարող մեկնել՝ վատառողջ լինելու պատճառով, և կենտրոնանում է թարգմանությունների վրա:

60-ականներին Վիրապյանն արդեն ճանաչված թարգմանիչ է: Նրա կողմից իտալերենից և գերմաներենից արված չափածո և արձակ թարգմանությունները բարձր են գնահատվում: Երբ 1969 թվականին, Դանթեի ծննդյան 700-ամյակի կապակցությամբ, Գիտությունների Ակադեմիան պատրաստվում էր հրատարակել «Աստվածային կատակերգությունը», Վիրապյանին են առաջարկում իրականացնել կատակերգության նոր թարգմանությունը: Սակայն, ունենալով կիսով չափ արված աշխատանք (արդեն մաքրագիր թարգմանել էր «Դժոխքը» և սևագիր «Քավարանը»), նա հրաժարվում է առաջարկից՝ առանց բացատրության: Պատճառն այն էր, որ առաջին թարգմանչի հետ նրան կապում էին բարի հարաբերություններ: Միաժամանակ, նրա առողջական վիճակը վատթարանում է: Սրտի տագնապները հետևում են մեկը մյուսին, և 1969 թվականին Վիրապյանը կրկին հայտնվում է հիվանդանոցում՝ կրկին սուր ինֆարկտ ախտորոշմամբ:

«Մենք ուրախ պետք է լինենք, որ երկնային արքայություն մտնողների առաջին շարքում ենք, թող մտածեն նրանք, ովքեր պոչից են քարշ գալիս»,- գրել է նա հիվանդանոցում Մահարուն: Արտահայտվում է նաև չափածո: Գրում է «Առաջ թվում էր, թե կյանքը երգ է» քառյակը և «Ինձ հուզողն հիմա ծաղիկները չեն» բանաստեղծությունը:

Մահարին ըստ արժանվույն է գնահատել «քանքարաթաքույց» Վիրապյանին և հիշեցրել. «Դու, ճիշտ է, ի ծնե բանաստեղծ ես, բայց քո կոչումին չես ծառայել». (7 հունիսի 1969 թ., Պալանկա):

Նրանք կրկին հանդիպեցին 20 տարի անց և շատ մտերմացան: Մահարին, հանձին Վիրապյանի, հասկանում է, որ գործ ունի բանաստեղծի հետ, որը, սակայն, ոչինչ չէր տպագրել և չէր էլ պատրաստվում: «Իմ գրածները տպագրել թույլ չեն տա, իսկ սրանց ջրաղացի վրա ես ջուր չեմ լցնի, առանց ինձ էլ լցնողները շատ են»,- մի առիթով ասել է Վիրապյանը:

Հիմա նա 51 տարեկան է, գամված մահճին, չունի ոչ ուժ, ոչ ցանկություն՝ պայքարել ապրելու համար: Սակայն, երկուսուկես ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո, նա այս անգամ էլ ոտքի է կանգնում և, դեռ որոշ տարիներ ապրելով, շարունակում թարգմանել գրքեր, ինչպես նաև գրասեղանի դարակները լցնել իր գրած չափածոներով: Նրա թարգմանությամբ առանձին գրքերով հայերեն լույս են տեսել. իտալերենից՝ Կարլո Կոլլոդիի «Պինոքիոյի արկածները» (1956 թ.), ռուսերենից՝ Պ.Ս.Կուդրյավցևի «Իսահակ Նյուտոն» (1958թ.), ռուսերենից՝ Դ.Գրանինի «Հարսանիքից հետո» վեպը (1961թ.), իտալերենից՝ Մ.Արջիլլիի և Գ.Պարկայի «Քիոդինոյի արկածները» (1961թ.), իտալերենից՝ Ա. Մորավիայի «Չոչարա»-ն (1962թ.), իտալերենից՝

Ֆ. Պետրարկայի «Սոնետներ և կանցոններ» (հեղինակակցությամբ) (1964թ.), գերմաներենից՝ Բ. Քելլերմանի «Մահվան պարը» վեպը (1965թ.), իտալերենից՝ Ա. Մորավիայի «Արհամարհանք»-ը (1966թ.), Հ.Իբսենի «Պեր Գյունտ» դրամատիկական պոեմը (1970թ.), գերմաներենից՝ Հ.Վ.Ռիխտերի «Մի սպանաներ» վեպը (1972թ.) գերմաներենից՝ Է.Մ.Ռեմարկի «Հաղթական կամար»-ը (1973թ.), և այլն: Նաև կատարել է ռուսերենից, իտալերենից, իսպաներենից թարգմանված բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք տպագրվել են ժողովածուներում, ամսագրերում, թերթերում:

Գևորգ Վիրապյանը կյանքից հեռացավ 1977 թ. նոյեմբերի 12-ին՝ իր գրվածքներից այդպես էլ չհրապարակելով ոչ մի տող: Մահվանից մի քանի օր առաջ, նա վերջակետ է դնում բանաստեղծի իր գործին, ոչնչացնում է իր արխիվը, մոխիրներին է հանձնում ամեն ինչ, այդ թվում՝ նաև հայրենիքի փնտրտուքների մասին գիրք-պոեմի ավարտուն ձեռագիրը:

«Զինվոր էր, պարզ, քաջ զինվոր, մեծահոգի, բարի զինվոր, մարտեր շահող զինվոր: Եվ նրա ամենագեղեցիկ ու մեծ զինանշանը սիրտն էր, այն սիրտը, որ հաճախ ճնճղկա թևի նման թփրտում էր և մահի ու կյանքի սահմանագծում պայքարում կյանքի համար, նրա համար, որ հմուտ թարգմանիչը մի օր էլ իր սեփական ստեղծագործությունները լույս աշխարհ հաներ: Չհասցրեց»,- գրել է մահախոսականում նրա գործին ևս մի քաջատեղյակ բարեկամ՝ գրող Ռաֆայել Արամյանը:

«Ամեն ինչ ուշ է տրվում մարդուն: Բոլորի՞ն, – ոչ, ինձ ու քեզ նմաններին,- այսպես է ամփոփել իրենց ապրած կյանքը Վիրապյանին հասցեագրած վերջին նամակում լավագույն 17 տարիներն աքսորներում անցկացրած Գուրգեն Մահարին և դառնությամբ ավարտել խոսքը.

Ի՞նչ մնաց այդ ամենից: Ոչինչ:

Ոչինչ, ոչինչ:

Ոչնչով էլ կվերջանա ամեն ինչ:

Քո՝ Գ.Մահ», 18 հունիսի 1969թ., Պալանկա:

Իրենց նմանների կյանքում «ամեն ինչ» Վիրապյանը ընդունել է՝ որպես օրինաչափություն, և այդ կյանքի դառնությունը համարել «սև պարգև»:

2012 թվականին, հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակում է գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Սեպտեմբեր…

Գևորգ Վիրապյանի մայրաքաղաքի տան նկուղում նկատում են հին թերթերով լցված մի արկղ, որը զննելուց հետո պատրաստվում են դուրս նետել, սակայն վերջին պահին, կրկին զննելուց հետո, հատակին թերթով փաթաթած հայտնաբերում են նրա անտիպ բանաստեղծությունների էջերից՝ մի գրքի չափով:

«Զարմանում եմ, թե ո՞ր նախախնամությունն է պահպանել Սայեաթ-Նովի դավթարն»,- գրել է նման պահ վերապրած հայ մշակույթի լուսահոգի նվիրյալ, բանասեր Գևորգ Ախվերդյանը:

Իրոք, զարմանում ես, և ոչ միայն, երբ հանկարծ մոխիրներից վերակենդանանալով՝ հայտնվում են մխացող տողեր և վրա հասած լռության մեջ հնչում են նրանց երգերի ղողանջներն ազատ:

ԳԵՎՈՐԳԻՆ !

Որ ցնդի մշուշը, մուժը,

որ պնդի հավասարակշռության ուժը…

Գ. Մահարի, 1968թ. հունվար

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ (Տերյանական)

Սիրելի Գ. Վիրապյանին

Գիշերն իջավ լայն ու անհուն,

Բարի գիշեր,

Տուր խոհերդ քարին, քամուն,

Բարի գիշեր:

Եղիր անչար, բարի հիշիր

Ինչ որ անցավ,

Սիրտը կիզող – ցավին անցավ`

Բարի գիշեր:

Մեծ երազին քո անկատար,

Մեծ ցնորքին,

Գարնանային լուսնոտ նորքին

Բարի գիշեր:

Դեռ չմլած քո հերկերին,

Քո երգերին,

Անքուն, անքուն քո վերքերին`

Բարի գիշեր:

Բարի գիշեր, գիշեր է ուշ,

Բարի հիշեք…

Անառավոտ, անվե՜րջ գիշեր…

Բարի գիշեր:

Գուրգեն Մահարի,

28 հունվար, 1969 թ.Երևան

(Գ. Վիրապյանին ձոնված այս երկու ստեղծագործությունները, որը Մահարին նրան հանձնել էր ծրարով, տպագրվում են առաջին անգամ)։

ԳԵՎՈՐԳ ՎԻՐԱՊՅԱՆ

ՍԱՏԱՆԵԱԿԱՆ ՊՏՈՒՅՏՆԵՐ

Դուք Հայրենիքի հյուսիսափայլ,

Չմարող կրակ բոցով պայծառ,

Հանճարեղ պոէտ Չարենցդ Մե՜ծ,

Ավա՜ղ, տեսնեի այստեղ Ձեզ հենց…

1937թ., հոկտեմբեր,

Երևանի կենտրոնական բանտ

ՎՅԱՏԿԱՅՈՒՄ

Ահա անտառը, ծառերն ահա,

Եվ ձյունը, ձյունը գոտու հասնող.

Գիտեմ, այստեղ ես պիտ մահանամ,

Դաժան ու քաղցր հայրենի հող…

Դու վտարեցիր այս ցուրտ հեռուն

Համառ որդուդ քեզ այնքան սիրող.

Դու բերիր այստեղ ինձ մեռնելու,

Դաժան ու քաղցր հայրենի հող…

Ձյունոտ անտառն է ձգվում անծիր

Մերկ կեչիների տխուր նիրհող… –

Ինչո՞ւ ինձ քեզ մոտ չխաչեցիր,

Դաժան ու քաղցր հայրենի հող:

1938թ., աքսորավայր

ՎԵՐՋԻՆ ՇԱՆԹԸ

Դու դեռ այնքան միամիտ ես,

այնքան անչար,

որ հավատում ես նույնիսկ դահիճներիդ.

իմ վշտահեծ, իմ որբ բազմաչարչար

իմ դալկադեմ երազ իմ մանկամիտ:

Մոռացել ես անշուշտ, որ քեզ տկար

որ քեզ հիվանդ, քեզ թույլ, անօգ

շեփորներով բազում աղմկահար

առանց ցավի և արտասուք

վարում էին դեպի մահվան

կախաղանի սյուները մերկ,

շղթայակապ, երերելով

սրերով սուր՝ արյունաներկ:

Վարում էին ու շուրջը քո

մահն էր շրջում սարսափը լոկ

և երկյուղի դողով անհուն

քեզ չէր ուզում նայել ոչ ոք…

Հավատում ես այժմ դրանց

այդ քողարկված չար դևերին,

որոնք շուրջդ փռելով ցանց

աշխատում են ձգել գերի:

Մի հավատա, քայլիր ուղիդ

մի խոնարհի գլուխդ վար.

մինչև վերջին շանթը ցրի

այս հեղձուցիչ մութը խավար:

1946թ., Բեռլին. մայիս

(գերմանական սև տետր)

ԲԱՐԵԿԱՄԻՍ

Եկ նստիր ու ծխենք անվերջ,

Ծխենք անցյալը, գալիքը, ներկան.

Քաղցր է նստել թունոտ ծխի մեջ,

Քան կյանքում դատարկ, հիմար ու

հերկված:

Եկ, նստիր, մի խորհիր իզուր

Սանձիր երևակայությունդ, որ չսուրա.

Խենթանոցում չի կարելի լինել տխուր

Այստեղ լոկ ծխում են ու թքում

աշխարհի վրա:

1947թ., Պոտսդամ,

նոյեմբեր (սև տետրից)

***

Արդյոք ինչպես թափել այս թույնը

տխրության

և ազատել հոգիս ցնցումներից այս բիրտ.

արդյո՞ք մահվան հույսով՝ հույսով

ազատության,

թե՞ գալիքի մռայլ ճակատագրով անխինդ:

Սակայն, ավաղ, մարմնով այնքան թույլ եմ

դարձել,

սպառված են ուժերս անհավասար

մարտում.

կեղեքում են հոգիս անլուծելի հարցեր՝

վամպիրների նման չար ու արթուն:

Արդյոք ինչո՞ւ, ինչո՞ւ կյանքը բարդ է այսքան

երևույթներն հաճախ հիմար, անմիտ,

– ոմանց համար բերիչ, կախարդական,

ոմանց համար ցնորք մի խեղճամիտ:

Ոմանց համար թեթև զեփյուռի շունչ,

կամ երազի կախարդ արքայական մի պահ,

ոմանց համար անբուժ հոգու մրմունջ,

կամ դամբանի մթին ընդերք ագահ:

Ընդունում են ոմանք կույր որդերի հանգույն

առանց ձգտումների պտույտներով խելառ.

կծկվելով երկչոտ՝ մաշկերի մեջ անգույն

հոգով ստրկացած անհերքելի համառ:

(սև տետրից)

mit Renate.

Ես չեմ մոռանա երբեք, օ՜, երբեք

Այս երեկոյի քնքշությունը լուրթ,

Երբ նստած ինձ մոտ լուռ ու տխրադեմք

Թերթում ես դանդաղ հուշերդ կապույտ:

Պատմում ես սիրով իմ նաիրական

Պայծառ ու չքնաղ արևի մասին.

Ու որդիների մասին, որ չկան

Կյանքում աղմկոտ, անիմաստ ու սին:

Ու լուռ անցնում է երեկոն խաղաղ

Օտար, անխորհուրդ այս պատերի մեջ –

Մեր շուրջը մութ է, գիշեր է, խավար

Պատմություններով լեցուն տխրաէջ:

(սև տետրից)

հոկտեմբեր, Պոտսդամ

***

Սիրեցի գարնան ծաղիկները դալար,

բայց հոգում իմ աշուն էր լալկան.

սիրեցի արշալույսը թարմ ու պայծառ

իսկ հոգում իմ մայրամուտ էր հանգած:

Սիրեցի հայրենի շշուկներն հարազատ,

բայց անվերջ ախոռում եղա.

սիրեցի երգերի ղողանջներն ազատ

իսկ նրանք մութ բանտում եղան:

Պոտսդամ, 1948թ.

8 տող. Հին

Մեզ չողջունեց պայծառ ապագան,

Մեր ուղին դժնի հոգնություն է լոկ.

Վառ երազները կորել են, չկան,

Մեզ մնացել է մի վիշտ անամոք.

Բայց հպարտորեն երդվիր կրելու

Աղետը գալիք ու մրրկաթև. –

Մարմնականն է լոկ կոչված մեռնելու,

Իսկ հոգեկանը սլացք է թեթև:

1948թ., Պոտսդամ

***

Ծանր այս կյանքում,

Ինչպես երկունքում

Ես տառապեցի

և հեկեկացի

անվերջ, անհատնում

այս խավար բանտում,

մութ ուղիներում,

տխրությամբ անհուն –

անխորհուրդ, անհույս

առանց արշալույս:

Ոչ ոք չիմացավ

Ինչպե՞ս դիմացա

Ո՞ւմ մոտ լացեցի

կամ աղերսեցի

ոչ ոք չլսեց

և հույս չտվեց

ես մենակ եղա

այս ողջ աշխարհում

և անգամ հեռուն

թվաց ինձ անհույս

անխորհուրդ ու ցուրտ

առանց արշալույս:

1948թ.

***

Այն ինչ հին է, պիտի մեռնի ու գնա,

նորն է միայն շքեղ զարդը աշխարհի.

փտած ծառը հողմի առաջ չի մնա,

հողմը մի օր կքշի ու կտանի:

ՄՈՒԹ ՀԱՆԵԼՈՒԿ

Փողոց եմ ելնում լայն ու մարդախիտ,

թվում է մի պահ ձուլվում եմ արդեն

մանուկների հետ թեթև ու անմիտ,

որ թռչկոտում են ու պարում իմ դեմ:

Ես ինքս էլ դարձած անմիտ մի մանուկ

անցնում եմ մեկ-մեկ փողոցից փողոց

կյանքն ինձ թվում է մի մութ հանելուկ

մեծ այս քաղաքի բազմության մեջ հոծ:

Մոսկվա, 5.2.1951թ.

1951թ. գրված այս ստեղծագործության վերնագրով՝ «Մութ հանելուկ» ժողովածուն միակ գիրքն էր, որ հեղինակը մտադիր էր հրատարակել։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Դաշտերում իջավ մշուշը կապույտ

Շրջեց զեփյուռը թեթև ու շոյող

Եվ ծաղիկներին քուն բերեց այնպես

Քրոջ ձեռքերի նման օրորող,

Անթափանց լռին գիշերն այս ուշ

Կարծես թե լինի ցնորքի  մշուշ։

քաղ. Երևան

***

Ես ձեզ կյանքում չեմ մոռանա

ոչ մի վայրկյան,

Ոչ տքնության պահին և ոչ պահին ազատ,

Օ դուք հեռվում անշուք ընկած

անթիվ այնքա՜ն,

Գերեզմաններ եղբայրական և հարազատ:

Թաղված է և իմ սիրտն այնտեղ

հեռվում ձեզ հետ,

Դաշտերի մեջ անանուն և միգապատ,

Անտառներում մոռացված և անարահետ,

Գերեզմաններ եղբայրական իմ հարազատ:

1955թ.

ԻՆՔՍ ԻՆՁ

Հաճախ ես գանգատվում՝

հոգնել ես աշխարհից,

անմիտ են քեզ թվում

պայքարը և սերը,

ամեն բան քեզ համար

ձանձրույթ է ու թախիծ,

ձանձրույթ են քեզ թվում

անգամ այս երգերը:

Եվ ի՞նչն է ջլատել

արդյոք քո ուժերը,

քո հպարտ գլուխը

ինչո՞ւ է խոնարհվել,

ինչո՞ւ ես, ինչո՞ւ ես

կախ գցել ուսերդ,

Թևերդ, թևերդ

ինչո՞ւ են ջարդվել…

Սթափվի՛ր, թոթափի՛ր

այդ մռայլ խոհերը,

ու կրկին թող ճախրի

քո բազեն անխորտակ,

ոգուդ դեմ անզոր են

այս չնչին օրերը,

քեզ սանձել չեն կարող

ուղիներըն այս փակ:

***

Եթե ճիշտ է երգիդ ուղին,

նա դարից դար պետք է գնա

և պետք է միշտ կարողանա

ոգևորել կառուցողին:

Եթե երգդ անկեղծ է կամ

ինքդ ես անկեղծ քո երգի մեջ

դարերում պիտ հնչի անվերջ

որպես մարտի հզոր պատգամ:

***

…Ձեր վիշտն անեզր մշակ ժողովուրդ

Թող լինի վերջինն իմ ազգի համար,

Ոճիր, դավ, նախանձ, մեր դեմ հինավուրց

Հող ու ջուր քշեր քո ընդերքը հար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ

Մեծարգո պարոն վարչապետ.

Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2012 թվականին Աշտարակ համայնքի պատմամշակութային կենտրոնական գերեզմանոցում (XII դար) ծառահատել են գլխավոր մուտքի բոլոր ծառերը և անվանի մարդկանց փակ պանթեոնում բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Վիրապյանի գերեզմանատեղի մասը կազմող, թաղման համար արգելված մուտքի ծաղկապատ տարածքում, թաղում կատարել:

Կատարվածի փաստով 28.12.2012թ. դիմում եմ հղել Աշտարակի քաղաքապետ Անտոնյանին, ինչպես նաև հանդիպել նրա հետ և բացատրություն պահանջել: Բացատրությունը բառացիորեն հետևյալն էր. «Հիմա ով ինչ ուզի՝ անում ա, նախագահն էլ ինձ ասի՝ չեմ հանի»:

Նույն վճռականությամբ արտահայտվեց ի պատասխան դիմումի. մեջբերում եմ. «Նշված տեղում որպես գերեզմանատան պանթեոն հուղարկավորվել է…» (հատուկ կարգով) և «Ձեր պահանջը, վերահուղարկավորություն կատարելու վերաբերյալ ընդունելի չէ, քանի որ գերեզմանատեղը ներկայումս բարեկարգված է և գլխավոր մուտքի հատվածում որևէ խոչընդոտ չի առաջացնում» 11.01.2013թ., թիվ 18:

Փաստաթղթով` 07.12.2000թ., թիվ 446

«Նշված տարածքում թաղում չի կատարվելու, այն մշտապես մնալու է որպես գերեզմանատան մուտքի ծաղկապատ տարածք»:

Պանթեոնը մուտքի մոտ փակվել էր դեռևս 1977 թվականին Գևորգ Վիրապյանի գերեզմանատեղով: Այնուհետև, հաշվի առնելով գերեզմանոցի պատմամշակութային նշանակությունը, մեզ հետ համաձայնեցվեց հատկացված հողատարածքի մուտքի հատվածը (2 մետր) պահպանել կանաչապատման համար: Փաստաթղթով ծաղկապատ տարածքի կարգավիճակը, որպես թաղման համար արգելված տարածք, քաղաքապետարանը հաստատել էր 2000 թվականին, երբ կասեցվեց գերեզմանատան տնօրենի առաջին փորձը՝ յուրացնել այն:

Թաղումը իրականացրել են պատմամշակութային կենտրոնական գերեզմանատան թաղման համար արգելված գլխավոր մուտքի ծաղկապատ տարածքը գրավելու և անխնա ոչնչացնելու միջոցով:

Հատել են 4 ծառ՝ 35 և ավելի տարեկան, 5-րդ ծառը` մեր տնկած 35 տարվա խայտանոճին, գլխատել և այլանդակել են, թվով 6-րդ թփուտը կտրատել և չէին հատել առայժմ…

Գրաված տարածքը մեծացրել են՝ եզրաքարից սահմանը հասցնելով մուտքին…

Գևորգ Վիրապյանի և հարևան գերեզմանատեղի սահմանների միջև տարածությունը ծածկել են հողով…

Թաղումը կատարել են տեղեկատվական վահանակի տեղում, որը տեղեկացնում էր: «Սա պատմամշակութային XII դարի գերեզմանոց է՝ պետության կողմից պահպանվող տարածք»:

– Թույլատրվել է,- տեղեկացնում է պահպանման համար պատասխանատու Անտոնյանը,- նախկին քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում` որպես գերեզմանատան պանթեոն (11.01.2013թ., թիվ 18):

Եթե թույլատրվել է` պետք է լինի որոշում: Նշեմ, որ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ես խնդրեցի տրամադրել ինձ որոշումը, և որոշում չկար:

Դիմեցինք 29.01.2013թ. իրավական հարցումով` ի՞նչ փաստաթղթի հիման վրա է կատարվել…

– Կրկին անգամ հայտնում եմ, որ կատարվել է,- տեղեկացնում է պահպանման համար պատասխանատու Անտոնյանը,- նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ,- և հաստատում է գրավելու փաստը. (մեջբերում եմ).

«…որևէ փաստաթուղթ կապված այդ հուղարկավորության հետ քաղաքապետարանում չի պահպանվել` բացառությամբ գերեզմանատեղերի հաշվառման և թաղումների գրանցման գրանցամատյաններում կատարած գրառումի» (30.01.2013թ., թիվ 92):

Մինչդեռ փաստաթուղթ պահպանվել է, այն է`

1. վերոհիշյալ 07.12.2000թ. թիվ 446, որի պատճենը դրված էր քաղաքապետի սեղանին և, որը Անտոնյանը չորս տարի պահել է արգելափակած:

2. Անտոնյանի կողմից կատարվածի հաշվառումը և գրանցումը:

3. Քաղաքապետ Անտոնյանի 11.01.2013թ. թիվ 18 որոշումը, որով մուտքի ծաղկապատ տարածքը դառնում է գերեզմանատեղ:

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն որոշմամբ, համաձայն՝

N 6 հավելվածի.

«Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում ստեղծվում է հանձնաժողով, որը որոշում է թաղման տեղը»: Հանձնաժողով չի ստեղծվել: Հատուկ ծառայությունները և կարգը հաստատող որոշում չկա: Կա՝ նախկինում կինոթատրոնի վարիչ, որին հարազատները հուղարկավորել են անվանի մարդկանց փակ պանթեոնում գերեզմանոց ներխուժելու և տարածք գրավելու միջոցով:

5 . N1 հավելվածի (11).

«Նոր գերեզմանատեղը հատկացվում է օրենքով սահմանված կարգով և չափերով»: Կարգը խախտված է, չափերը՝ նույնպես: Գրաված տարածքը մեծացրել են՝ եզրաքարից սահմանը հասցնելով մուտքին, սակայն չկա «գերեզմանատեղերի սահմանների միջև տարածությունը /որը/…

N4 հավելվածի (11)

… պետք է լինի առնվազն 0,5 մետր»: Պակասը քողարկել են Գևորգ Վիրապյանի և հարևան գերեզմանատեղի սահմանների միջև տարածությունը հողով ծածկելով:

N4 հավելվածի (10).

«Համայնքի ղեկավարը հաստատում է գերեզմանատների հողերի օգտագործման հատակագիծը (սխեման), որում նախատեսվում են`

գ/ ծառուղիները.

զ/ կանաչապատման տեղամասերը»:

Նախատեսվել էր դեռ 1977 թվականին: Մուտքի մոտ կանգնած բազմամյա ծառի կողքին տնկվել էր 6 ծառ, այդ թվում` երկու խայտանոճի՝ մեր կողմից, որոնցից առաջինը, տարիներ առաջ, հանկարծ չորացավ: Նշված տարածքի կարգավիճակը, որպես թաղման համար արգելված մուտքի ծաղկապատ տարածք, քաղաքապետարանը հաստատել էր 2000 թվականին: 2012 թվականին գրավել են, ոչնչացրել և թաղում կատարել:

N4 հավելվածի (15).

«Գերեզմանատան մուտքի մոտ տեղադրվում է գերեզմանատան հատակագիծը»: Հատակագիծը մուտքի մոտ տեղադրված չէ:

N5 հավելվածի (10).

«Գերեզմանների ոչնչացման, պղծման, դրանցում ամրակայված կառույցներին վնաս պատճառելու դեպքում մեղավորները ենթակա են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»: Մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել:

N4 հավելվածի (3).

«Գերեզմանատների շահագործումն ապահովում է համայնքի ղեկավարը»:

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն որոշումը համայնքի ղեկավար Անտոնյանը արգելափակել էր:

Դիմեցինք 10.07.2013թ. հարցումով` ի՞նչ իրավական հիմք ունի քաղաքապետ Անտոնյանի 11.01.2013թ., թիվ 18 որոշումը (կից՝ լուսանկար կատարվածի փաստով):

10.09.2013թ. դիմումով հիշեցրեցինք քաղաքապետին, որ նա խախտել է օրենքը և չի պատասխանել իրեն հանձնված հարցումին: Կրկին անգամ խնդրեցինք հայտնել՝ ի՞նչ իրավական փաստաթղթով է նա առաջնորդվել որոշումը կայացնելիս, որով նշված տարածքը թաղման համար արգելված մուտքի ծաղկապատ տարածքից դառնում է գերեզմանատեղ:

– Դառնում է գերեզմանատեղ,- հայտնում է քաղաքապետը,- քանի որ,

(մեջբերում եմ).

«Ըստ ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910 որոշմամբ հաստատված «Վերահուղարկավորման» կարգի, մահացածի վերահուղարկավորումը (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) կարելի է իրականացնել միայն հարազատների ցանկությամբ` թաղումից առնվազն երեք տարի հետո: Իսկ այս դեպքում հարազատները նման ցանկություն չեն հայտնել:

Ձեր խնդրանքը (պահանջը) հնարավոր չէ բավարարել, քանի որ հարազատները վերահուղարկավորման հարց չեն բարձրացրել»: 13.09.2013թ. թիվ 1178:

Մինչդեռ հարազատները վերահուղարկավորման հարց չեն բարձրացրել, քանի որ այդ հարցը պարտավոր էր բարձրացնել պանթեոնի պահպանման համար պատասխանատու քաղաքապետ Անտոնյանը: Առավել ևս, ըստ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն որոշմամբ հաստատված վերահուղարկավորման կարգի՝ համաձայն N 8 հավելվածի, (մեջբերում եմ). «Մահացածի վերահուղարկավորումը (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) իրականացվում է թաղումից առնվազն երեք տարի հետո` մահացածի հարազատների միջոցների հաշվին»:

Ավելին, քաղաքապետի 02.09.2013 թվականի կարգադրությամբ, թաղված անձնավորության դուստրը՝ կատարվածի հեղինակը և կազմակերպիչը, նշանակվել էր համայնքի երաժշտական դպրոցի տնօրեն, ի պատասխան 10.07.2013թ. հարցումի, և նշված տարածքում Անտոնյանը պատրաստվում էր նոր թաղում կատարել շուտով:

Թաղումից օր առաջ, հոկտեմբերի վերջին, Անտոնյանին սթափության կոչ էր արվել: Հավելեմ, որ 2013թ. հոկտեմբերին նախագահականի վերահսկողական ծառայությունը հարցումով դիմել էր մարզի գերեզմանատների, այդ թվում՝ նաև համայնքի կենտրոնական գերեզմանատան վերաբերյալ: Անտոնյանին կոչ էր արվել կեղծ տեղեկություն չտրամադրել, նոր թաղում չկատարել, մեկ անգամ ևս նրան տեղյակ է պահվել, որ մենք կդիմենք հանրապետության նախագահին:

Հաջորդ օրը նշված տարածքում նոր թաղում է կատարվում: Գլխատված խայտանոճուց թողնում են ոստակոտոր բունը… Գևորգ Վիրապյանի գերեզմանատեղի մնացած բոլոր խայտանոճիները ճյուղատում են, թվով 6-րդ թփուտը՝ հատում…

Մինչդեռ, այս դեպքում հարազատների միջոցների հաշվին վերահուղարկավորում իրականացնելու ժամկետը լրացավ 2016 թվականի հոկտեմբերի վերջին:

Իսկ թե ի՞նչ կապ տվյալ գործի հետ կարող է ունենալ թաղումից մի քանի օր անց 2013 թվականի նոյեմբերի սկզբին մայրաքաղաքի մեր բնակարանի պատշգամբի տակ գիշերով դրված ճամպրուկը, որի պարունակությունը (երկու հազար մանաթ արժողությամբ պարսկական թղթադրամ), պայթուցիկի կասկածանքով ոստիկաններն էին պարզում՝ սակրավորների հետ միասին (փակը չկողպած, նման պարունակությամբ դռանը դրված ճամպրուկը, քրեական աշխարհի լեզվով՝ «առաքույթ» է, սպառնալիք և զգուշացում երկու անձի: Նշեմ, որ կատարվածի փաստով մեզ հետ երկու բախում է տեղի ունեցել: Առաջին. իմ և Անտոնյանի միջև քաղաքապետարանում, երբ դիմավորեց, հայտարարելով` «Հիմա պանթեոն չկա, հիմա ով ինչ ուզի՝ անում ա…»:

Երկրորդ. մյուս ժառանգի և գերեզմանատան տնօրենի միջև գերեզմանոցում 2013 թվականի գարնանը, երբ կատարվածը լուսանկարելու ժամանակ վերջինս, ի հայտ գալով, պահանջեց չլուսանկարել:

Նշեմ նաև, որ մուտքի հատվածը համարվում է գերեզմանատան ամենաթանկ տեղը՝ ստվերային գներով միլիոններ արժեցող տարածք… ) և ի՞նչ կապ այդ «առաքույթի» հետ կարող է ունենալ Աշտարակ համայնքի՝ այժմ արդեն նախկին ղեկավար Արմեն Անտոնյանը, պարզ կդառնա անմիջապես այն բանից հետո, երբ նա կպատասխանի.

1. Ի՞նչ իրավական հիմք ունի իր 11.01.2013թ., թիվ 18 որոշումը, որի համաձայն՝ բանաստեղծ, չորս լեզուներից չափածո և արձակ 20 գրքի թարգմանիչ, երկրորդ աշխարհամարտում «Ստալինգրադից մինչև Բեռլինի ճանապարհները անցած զինվոր» («Գրական թերթ», 18.11.1977թ.), Բեռլինի գրոհի մասնակից, լեյտենանտ Գևորգ Վիրապյանի գերեզմանատեղի մասը կազմող, պատմամշակութային գերեզմանատան թաղման համար արգելված մուտքի ծաղկապատ տարածքը ծառահատվում և դառնում է գերեզմանատեղ՝ «նշված տեղում որպես գերեզմանատան պանթեոն»:

2. Երբ Անտոնյանը պատասխան կտա նշված տարածքում կատարված երկրորդ թաղման փաստի համար:

Էդգար Վիրապյան (Վիրապյան Կրտսեր)

(Այս բաց նամակը պատրաստ էր և պետք է հրապարակվեր 2016թ. նոյեմբերի 1-ին, սակայն տեխնիկական պատճառներով տպագրվում է այսօր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս