Հայաստանի «թանկ» գազը: Ի՞նչ ակնկալել սակագնի վերաբերյալ քննարկումներից
Սեպտեմբերի 24-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով: Այսօր Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին կազմում է 150 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ գազի համար: Սպառողների համար գազը վաճառվում է 1000 խմ-ի համար՝ շուրջ 290 դոլարով: Հասկանալու համար թե քննարկումներն ինչ արդյունքների կարող են հանգեցնել, պետք է հասկանանք, թե ինչ դինամիկա է ունեցել գազի գինը Հայաստանում և առհասարակ գնագոյացման ինչպիսի պրոցես է այն անցնում մինչև վերջնական սպառողներին հասնելը:
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև գոյություն ունի կնքված համաձայնագիր, որը սահմանում է դեպի Հայաստան գազի առաքման ժամանակ գնի ձևավորման կարգը: Այն կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Այդ համաձայնագրով Հայաստանին վաճառվող գազի գինը կցված է Օրենբուրգի մարզում գազի գնին: Բացի այդ, գոյություն ունի 2009-2015 թվականներին դեպի Հայաստան բնական գազի մատակարարման մասին պայմանագիր՝ կնքված դեռևս 2008 թվականին «Գազպրոմի» և այն ժամանակվա «ՀայՌուսգազարդի» միջև, որի համաձայն՝ մինչև Հայաստանի սահման գազի գնի մեջ մտնում է ռուսական տարածքով փոխադրումը և Վրաստանով տարանցումը: Այսինքն՝ կարելի է ասել, որ գոյություն ունի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի երեք բաղադրիչ ՝ Օրենբուրգի գինը, տեղափոխումը մինչև Վրաստանի սահման և Վրաստանով տարանցումը դեպի Հայաստան:
Խոսելով Հայաստանի մատակարարվող գազի գնի փոփոխման մասին, պետք է նշենք, որ վերոնշյալ երեք բաղադրիչներից Օրենբուրգի գինը միանշանակ փոխվել է, որովհետև ռուսական ռուբլին արժեզրկվել է, այսինքն՝ Հայաստան մատակարարվող գազի գինն իջել է հենց ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով: Սրանից բացի, նույն պատճառով իջել է նաև գազի մինչև Վրաստանի սահմանը տեղափոխման գինը, քանի որ դա նույնպես հաշվարկվում է ռուբլով:
Երրորդ բաղադրիչը, որն իրենից ներկայացնում է տարանցումը Վրաստանի տարածքով, գնային առումով ևս էժանացել է: Բանն այն է, որ միջանկյալ պայմանավորվածության համաձայն, տարանցման դիմաց վճարումը իրականացվում է գազի միջոցով ՝ տարանցվող ծավալի 10%-ի չափով, իսկ ինչպես արդեն նշեցինք, գազի գինը էժանացել է, սա նշանակում է որ Վրաստանին վճարվող տարանցման գումարը ևս դրամական արտահայտությամբ նվազել է:
Այս 3 բաղադրիչների համադրման ադյունքում ակնհայտ է դառնում, որ Հայաստան մատակարվող գազի գինը էապես կարող է նվազել, ինչն էլ տրամաբանորեն կհանգեցնի Հայաստանում սպառվող գազի գնի էժանացման:
Անդրադառնալով արդեն Հայաստանի տարածքում գազի գնագոյացմանը՝ պետք է նշենք, որ սահմանի վրա 1000 խմ-ի համար 150 դոլարին գումարվում են մի շարք բաղադրիչներ: 2018 թվականին 1 խմ գազի սակագինը կազմել է 146.7 դրամ, իսկ վերջին տարիների դինամիկան ներկայացված է գծապատկերում:
Որպեսզի հասկանանք, թե ինչպես է ստացվում, որ սահմանին 150 դոլար արժեցող 1000 խմ գազը սպառողին վաճառվում է 290 դոլարով, անհրաժեշտ է ուսումնասիրել գնագոյացման համակարգը, ինչը կարող ենք իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հրապարակվող գազի սակագնի հաշվարկման հաշվետվության միջոցով:
Այսպես, 150 դոլար սկզբնական արժեքին (որը վերջնահաշվարկում կազմում է գազի սպառողական գնի շուրջ 60 տոկոսը) նախ ավելացնում են տեխնոլոգիական կորուստները, որոնք կազմում են ընդհանուր գնի 3-5 տոկոսը: Այնուհետև ստացված թվին ավելացվում է համակարգի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ գումարը, որը կազմում է մոտավորապես 10 տոկոս: Հաջորդիվ ավելացվում է մաշվածություն՝ շուրջ 10 դոլարին համարժեք, որից հետո շահույթ՝ ընդհանուր գնի 10-15 տոկոսի չափով: Ամենավերջում ավելանում է ավելացված արժեքի հարկը, որը կազմում է շուրջ 50 դոլար, և արդյունքում ձևավորվում է գազի վերջնական գինը, որը 290 դոլար է 1000 խմ-ի համար:
Եթե համադրելու լինենք գնագոյացման այս համակարգը մնացած ապրանքների հետ, պետք է փաստենք, որ ըստ էության այն իրենից ներկայացնում է նորմալ գնագոյացման համակարգ, և այստեղ աշխատանքային խմբի խնդիրը և քննարկումներ պետք է ծավալել զուտ մասնագիտական մակարդակում, օրինակ, քննարկել, թե արդյոք շատ կամ քիչ են, կամ արդյոք հնարավոր է նվազեցնել տեխնոլոգիական կորուստները, շահագործման ծախսերը, և այլն: Սրանք մասնագետների գնահատականն են, և միայն համապատասխան մասնագետները և հաշվարկները կարող են ասել, թե արդյո՞ք հնարավոր է ավելի նվազ կորուստների հասնել, և այլն, իսկ գնագոյացման տարրերի մյուս մասը դրանք օրենքով կամ այլ կերպ սահմանված վճարներ են՝ օրինակ` ԱԱՀ-ն, որը գանձվում է պետբյուջե:
Վերոնշյալ բոլոր վերլուծությունների արդյունքում ակնհայտ է դառնում, որ ներմուծող գազի գինը ներկայիս գնից ավելի էժան է, և հենց այս հանգամանքն է, որ պետք է առաջ մղվի թե աշխատանքային խմբի քննարկումների, և թե հետագա բանակցությունների ժամանակ: Նշենք նաև, որ ներկայացված վերլուծությունը ներկայացնում է գազի գնի տնտեսական կողմը, որը փաստում է, որ գազի գինը պետք է էժանանա, սակայն անհրաժեշտ է նաև նշել, որ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, գազի գինը լոկ տնտեսական բաղադրիչ լինելուց բացի, նաև քաղաքական բաղադրիչներ է պարունակում, դրա հաշվարկման ժամանակ նաև հաշվի են առնվում բազմաթիվ քաղաքական հարցեր: Վերլուծությունը փաստեց, որ տնտեսական տեսանկյունից գազի գինը էժանացել է: Կփոփոխվի՞ սակագինը, թե՞ ոչ, կախված է քաղաքական որոշումներից: Իսկ թե ինչպիսին կլինի հարցի քաղաքական հանգուցալուծումը, ցույց կտա ժամանակը:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ