Բաժիններ՝

Փոմպեոն հավաստեց, որ ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն կանցկացնեն նոր գագաթնաժողով, հավանաբար, հոկտեմբերից հետո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նոր հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս, եւ որ այդ գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա հոկտեմբերից հետո:

«Եվս մեկ գագաթնաժողով կլինի, դրա անցկացման վայրն ու օրը դեռեւս որոշված չեն, բայց մենք քրտնաջան աշխատանք ենք կատարում՝ ապահովելու այն պայմանները, որոնք անհրաժեշտ են այդ գագաթնաժողովի ժամանակ հնարավորինս շատ բանի հասնելու համար: Հուսով եմ, որ դա կլինի շուտով»,- ասել է Փոմպեոն սեպտեմբերի 26-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պետքարտուղարի խոսքով՝ մոտ ժամանակներս ինքը կուղեւորվի Փհենյան, որպեսզի բանակցություններ վարի երկու երկրների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու շուրջ: «Ես չգիտեմ, թե այդ գագաթնաժողովը երբ կկայանա,- հավելել է Փոմպեոն:-Այն կարող է անցկացվել հոկտեմբերին, բայց, հավանաբար, դա տեղի կունենա ավելի ուշ»:

ԱՄՆ-ի նախագահը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում ելույթից առաջ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ իր նոր հանդիպման նախապատրաստումն արդեն տարվում է, իսկ ներկա դրությամբ զգալի առաջընթաց է ձեռք բերվել Կորեական թերակղզու միջուկազերծման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս