
«Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի կիսաեզրափակիչը` «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ընթացքում

Հոկտեմբերի 6-ին DigiTec EXPO 2018 ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող «Եվրասիական թվային հարթակներ» միջազգային մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչը:
«Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի կիսաեզրափակիչներն անցկացվում են Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր երկրում: Դրանք արդեն տեղի են ունեցել Բելառուսի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղըզստանում:
Նորարարական նախագծերի միջազգային մրցույթի նպատակն է՝ բացահայտել այն նախագծերը, որոնք կարող են զգալի ներդրում ունենալ Եվրասիական տնտեսական միության Ինտեգրացված տեղեկատվական համակարգի զարգացման մեջ:
Հայաստանյան կիսաեզրափակչին կմասնակցեն 12 նախագծեր: Մրցույթի եզրափակիչ դուրս կգան 4 նախագծերը՝ տարբեր անվանակարգերում:
Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Երևանում` «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: Եզրափակչին կմասնակցեն հինգ երկրներում անցկացված կիսաեզրափակիչների հաղթող 20 նախագծեր: Ժյուրին ընտրելու է եզրափակչի 5 հաղթողներին:
Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԱՏՁՄ) նշում են, որ «ԴիջիԹեք 2018»-ը համախմբելով տեխնոկրատներին՝ քայլ առ քայլ մոտենում է ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT)՝ կրելով նաև 2-րդ՝ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը: «ԴիջիԹեքին» կհայտարարվի հետհաշվարկը, քանի որ ընդամենը մեկ տարի անց Հայաստանը կհյուրընկալի միջազգային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ WCIT 2019-ը:
Սիրարփի Աղաբաբյան