
Ինտերակտիվ մասնակցություն գիտական փորձերին. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը 75- ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ է նախատեսում

Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ 75- ամյակի առթիվ նախատեսված հանդիսավոր միջոցառմանը Հայաստան կժամանեն գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում, ականատես կլինեք գիտական մասշտաբային միջոցառմանը, որը միավորելու է միջազգային եւ տեղացի գիտնականների:
«Նպատակը մեկն է՝ երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը։ Հրավիրված են 400-ից ավելի երեխաներ և ուսանողներ: Միջոցառումը տեղի է ունենալու լաբորատորիայի տարածքում, մեկնարկը տրվելու է ժամը 10։00-ին, որի շրջանակներում մասնակիցները ինտերակտիվ կերպով կմասնակցեն գիտական փորձերին, որոնք կատարվելու են Ա.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների, կրտսեր տարիքի դպրոցական երեխաների եւ միջոցառման համար հատուկ ժամանած՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի գիտնականների կողմից»,-ասաց Անի Ապրահամյանը:
Հոբելյանական միջոցառմանը նախատեսված են մի շարք գիտական փորձեր՝ հեղուկ ազոտով փորձեր, ձուն շշի մեջ, առեղծվածային մագնիս, փուչիկը մեխերի վրա, լուսային փորձեր, ռոբոտների միջոցով իրերի տեղափոխում և այլն: Ցանկացողները կարող են այցելել և տեղում ականատես լինել գիտական փորձերին:
Նախատեսված է Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի վերաբերյալ ճանաչողական ֆիլմի ցուցադրություն, այցելություն Ա. Ալիխանյանի անվան այգի, որտեղ տեղի կունենա գրքի փոխանակման արարողություն: Ըստ ցանկության կկազմակերպվի ճանաչողական այցելություն Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնաշենքեր: Երեկոյան կամփոփվեն «Ֆիզիկան իմ աչքերով» մրցույթի արդյունքները: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի անակնկալ նվերների հանձնումը։ Մութն ընկնելուն պես, բոլոր ցանկացողները կարող են դիտել աստղազարդ երկինքը դիտակների միջոցով: