ԳԴՀ-ի բիզնեսը կոչ է արել ԵՄ-ին՝ ուժեղացնել կոոպերացումը ԵԱՏՄ-ի հետ

Գերմանիական տնտեսության արեւելյան կոմիտեն (ԳՏԱԿ) (“Ost-Ausschuss – Osteuropaverein der Deutschen Wirtschaft e.V.” – OAOEV) ԱՄՆ-իեւ Չինաստանի միջեւ առեւտրական հակամարտության ծավալման լույսով կոչ է արել ԵՄ-ին՝ համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ մասին ասված է կազմակերպության ղեկավար Վոլֆգանգ Բյուխելեի՝ սեպտեմբերի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:

Նա վստահ է, որ «աճող պրոտեկցիոնիստական սպառնալիքին ԵՄ-ի լավագույն պատասխանը կլիներ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի կնքումը հնարավորինս շատ երկրների ու տարածաշրջանների հետ»:

«Հարավային Կորեայի, Կանադայի եւ Ճապոնիայի հետ ԵՄ-ի հաջող բանակցություններից եւ MERCOSUR-ի ու Աֆրիկայի հետ համաձայնագրերի վերաբերյալ հայտարարություններից հետո մեզ մնում է նոր ջանքեր գործադրել ԵԱՏՄ-ի հետ կոոպերացման ուղղությամբ»,-ասել է նա: Բյուխելեի կարծիքով՝ մինչ այժմ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը «սպիտակ բիծ է» Եվրամիության առեւտրական քաղաքականության մեջ:

«Ռուսաստանի հետ բարդ քաղաքական հարաբերությունները չպետք է տանեն այն բանին, որ առաջվա պես շարունակի իշխել լռությունը»,-նշել է Բյուխելեն: «Ընդհակառակը, ԵԱՏՄ-ի անդամ ոչ մեծ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը, անհամբերությամբ են սպասում ուղղակի բանակցությունների սկսվելուն»,-նշել է նա:

1952 թվականի հոկտեմբերին ստեղծված ԳՏԱԿ-ը Գերմանիայի տնտեսության շահերը ներկայացնում է Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում: Կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում, միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ, նախեւառաջ միջին բիզնեսի, ինչպես նաեւ խոշոր արդյունաբերական միություններ:

2018 թվականի մարտի 23-ին Բեռլինում «Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեի» եւ մեկ այլ կազմակերպության՝ «Գերմանական տնտեսական արեւելաեվրոպական միավորման» անդամները միաձայն քվեարկեցին մեկ տարածաշրջանային նախաձեռնության մեջ միաձուլվելու օգտին՝ «Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտե»՝ ընդհանուր անվանմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս