«Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը:
«Հայերը իրենց մեջ կրել են քրիստոնեական արժեքները մինչ քրիստոնեությունը: Մենք հայտարարում ենք, որ Երևանը սիրո եւ համերաշխության մայրաքաղաք է: Երևանը պետք է լինի ազգային արժեքների վերաստեղծման հեղափոխության մայրաքաղաք: Մի բան, որից մեզ կտրել են»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով` Երևանի ավագանու ընտրությունների կուսակցականացվածությունը պետք է լուրջ և իրատեսական խնդիրների վերհանման առիթ հանդիսանար, սակայն նման քայլ իրենց մրցակիցների մոտ քիչ է տեսել: Ինչ վերաբերում է իրենց ցուցակին, ապա թեկնածուի խոսքով` այնտեղ մարդիկ են, ովքեր առանձնանում են ոչ թե իրենց կուսակցական պատկանելությամբ, այլ` մասնագիտական կարողություններով:
«Ընտրական օրենսգիրքն ամրագրում է, որ Երևանի, Գյումրու և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրությունների տեղի են ունենում կուսակցական սկզբունքով, իսկ կուսակցությունների մոտ առաջնային է գաղափարական խնդիրների վերհանումը: Մենք մեր գործընկերների մոտ քիչ տեսանք գաղափարական խնդիրների վերհանումը և դրանց շուրջ բանավեճը: Մեր համոզմամբ` մեկ անձը, ավագանին ու քաղաքապետարանի աշխատակիցը միայնակ չեն կարողանա լիարժեք իրականացնել այն խնդիրները, որոնք ծառացած են քաղաքի առաջ: Պատահական չէ, որ Հայքի ցուցակում կան անկուսակցականներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով են առանձնանում: Տարիներ առաջ ղեկավար մարմիններին առընթեր ստեղծվում էին մասնագիտական խորհուրդներ, որտեղ առաջատար մասնագետներ էին, ովքեր հակված էին, որպեսզի այդ խորհուրդների միջոցով խնդիրներն ու լուծումները հասցնեին գերատեսչություններին ու պատկան մարմիններին»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:
«Հայք» կուսացկության ավագանու ցուցակի երկրորդ համարն անընդունելի է համարում թեկնածուների միջև կռիվները, հատկապես, եթե դրանք միտված են իրար սևացնելուն: