Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել է Իսրայելին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Միջերկրական ծովի վրա խոցված Իլ-20 ռուսական ինքնաթիռի համար մեղքն ամբողջովին ընկած է Իսրայելի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
«Խոցված ռուսական ինքնաթիռի եւ անձնակազմի զոհվելու համար մեղքն ամբողջովին ընկած է իսրայելական կողմի վրա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փոխգործակցույթան տարբեր կապուղիներով քանիցս կոչ է արել իսրայելական կողմին՝ ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելուց, որոնք սպառնալիք են ստեղծում ռուս զինծառայողների անվտանգության համար»,- ասել է Շոյգուն:
Սեպտեմբերի 18-ին ավելի վաղ է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել է, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը Միջերկրական ծովի երկնքում խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, քանի որ ռուսական ինքնաթիռով քողարկվում էին Իսրայելի F-16 կործանիչները: Կոնաշենկովը ճշտել է, որ սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 չորս կործանիչներ կառավարվող ավիառումբերով սիրիական օբյեկտներին հարված են հասցրել Լաթաքիա քաղաքի շրջանում:
Կոնաշենկովը նաեւ նշել է, որ Իսրայելը պլանավորվող գործողության մասին չի նախազգուշացրել Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատարությանը: «Թեժ գծով» ծանուցումն ստացվել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել ռուսական ինքնաթիռը դուրս բերել անվտանգ գոտի»,-հավելել է նա:
Մոսկվան Իսրայելի գործողությունները գնահատել է որպես թշնամական եւ պատասխան գործողությունների իրավունք է վերապահում իրեն: «Իսրայելի այդ սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական: Իսրայելացի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետեւանքով զոհվել է ռուս 15 զինծառայող: Դա բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն»,-հայտարարել է գեներալը: «Մենք մեզ համարժեք պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,-հավելել է Կոնաշենկովը: