ԱՀԿ-ում «շատ լուրջ» են գնահատում Աֆրիկայում էբոլայի տարածման վտանգը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության (ԷՎՊՀ) ներկայիս բռնկման սկսվելուց հետո անցած ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում «ընդհանուր իրադրությունը բարելավվել է», սակայն «պահպանվում են այն զգալի ռիսկերը», որոնք կապված են Մաբալակո, Բենի եւ Բուտեմբո շրջաններում գրանցվող դեպքերի շարունակվող հայտնաբերման հետ։
ԿԴՀ-ում ստեղծված իրադրությունն այսպես է բնութագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր ամենշաբաթյա տեղեկագրում, որը տարածվել է Ժնեւում:
Նրա գնահատման համաձայն, «ազգային եւ տարածաշրջանային մակարդակով տարածմա ռիսկը մնում է բարձր», ուստի հարեւան պետություններին ու նահանգներին առաջարկվել է ուժեղացնել համաճարակաբանական հսկողությունը եւ նախապատրաստական միջոցառումները:
Ինչպես հայտնել է ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը, սեպտեմբերի 16-ի դրությամբ երկրում գրանցված է ԷՎՊՀ-ի՝ լաբորատոր անալիզներով հաստատված 111 դեպք, հիվանդացածներից 66-ը մահացել են:
Մահվան ելքով եւս 31 դեպքում էբոլա վիրուսն է համարվում մահվան «հավանական» պատճառը, քանի որ դեռեւս չի հաջողվել լաբորատոր հետազոտություններ անցկացնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: