ՊԵԿ նախագահը անցել է շոու բիզնեսին. Հաջորդը Վերնիսաժի նկարիչնե՞րն են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի երկու շաբաթ առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստի ժամանակ որոշեց ներկայանալ որպես պրոֆեսիոնալ աուդիտոր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չցանկանալով լսել նրա պրոֆեսիոնալ հիմնավորումները, անջատեց նրա խոսափողը և թույլ չտվեց խոսել: Այս պատմությունից հետո պարոն Անանյանը, մտածելով, որ պետք է խոսել ավելի աշխարհիկ թեմաներից, որոշեց հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը:
Փաստորեն, այսուհետ մեր հայրենակիցները հարսանիքներ և ծնունդներ նշելիս պետք է հաշվի առնեն, որ իրենց հյուրերի շարքում են լինելու նաև ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցները:
Այն փաստը, որ հարկերը պետք է մուծեն բոլորը, ոչ ոք չի վիճարկում, բայց խոշոր հարկատուների, օլիգարխների, ընկեր-բարեկամների հարկերի վճարման հարցերը լուծվել են, անցել եք շոու-բիզնեսի՞ն:
Իսկ իրականությունն այն է, որ ՊԵԿ նոր բարձրաստիճան պաշտոնյաները (իրականում դրանք հին բարձրաստիճան պաշտոնյաներն են) լծվել են իրենց հարազատ տնտեսվարողներին (որոնց հետ համագործակցում են տարիներ շարունակ) ռիսկերից ապահովագրելու և հին խաղի կանոններից «նորին» անցնցում անցնելու սուրբ գործին:
Այդ իսկ պատճառով նրանց հարկերը գանձելու գործը մնացել է «բորդյուրին» կամ, ավելի մոդայիկ ասած՝ ասֆալտին: Մնում է սպասել, թե որն է լինելու ՊԵԿ նախագահի կողմից հարկային դաշտ բերվող հաջորդ խավը: Երևի Վերնիսաժի նկարիչները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: