«Ապրիլ-մայիսին նաև ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են իրենց փողերը հանել երկրից». Նիկոլ Փաշինյան
«Դուք անում եք այնպիսի հայտարարություններ, որ վտանգում են ներդրումային դաշտը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ըստ նրա՝ Ռուսաստանում գործարարների հետ հանդիպումից հետո որոշ գործարարներ հայտարարեցին, որ հնարավոր է` հանեն իրենց ակտիվները Հայաստանից: «Արդյոք չեք վտանգո՞ւմ մեր տնտեսությունը»,- հարցրեց պատգամավորը:
Ն.Փաշինյանը պատասխանեց, որ ներդրումային միջավայրի համար կա 3 հիմնական խոչընդոտ՝ կոռուպցիա, մենաշնորհներ-օլիգարխիա, կոռումպացված դատական համակարգ.
«Ես կարծում եմ, որ մենք հենց ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք պայքար մղում կոռուպցիայի դեմ: Կարող ենք ասել, որ, ըստ էության, կոռուպցիան ջախջախված է ՀՀ-ում, մենաշնորհներ չկան և անկախ դատական համակարգի ձևավորումը ընթացքի մեջ է»:
Մտահոգությունները փարատելու համար Ն.Փաշինյանը ներկայացրեց տնտեսական ցուցանիշները, որ աճել են տնտեսական ակտիվությունը, բանկային պորտֆելը:
Ըստ նրա՝ ապրիլ-մայիսին նաև ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են իրենց փողերը հանել երկրից: Վարչապետը խոստացավ, որ դրանք կգտնվեն և ետ կբերվեն հանրապետություն:
Ն.Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի բանկային մի հաշվեհամարում եղած կապիտալը Հայաստանից չի կարող դուրս գալ, որովհետև դրա վրա կալանք է դրված:
Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ հանդիպումը վարչապետը շատ դրական գնահատեց, և նշեց, որ ունկնդիր են նաև քննադատություններին: