Բաժիններ՝

«Դա կարևոր էր, և ես դրան հասա». Վրաստանի նախագահը պատմել է՝ ինչու է հրաժարվել երկրորդ ժամկետի համար պայքարելուց

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե չի ցանկանում պետության ղեկավար լինել խիստ սահմանափակ լիազորություններով։ Ընտրություններից հետո ուժի մեջ են մտնելու Սահմանադրության ուղղումները, որոնց համաձայն, էականորեն կրճատվելու են Վրաստանի նոր նախագահի լիազորությունները: Թեպետեւ նախագահը կմնա պետության ղեկավարը եւ գլխավոր հրամանատարը, նրան հարկ կլինի բոլոր որոշումները համաձայնեցնել կառավարության հետ: Ընդսմին նախագահը կպահպանի կալանավորների համաներման, խորհրդարանի կողմից ընդունված օրինագօերի նկատմամբ վետոյի կիրառման եւ հանրաքվեների նշանակման իրավունքը:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ես թեկնածու չդարձա… Ես՝ որպես սահմանափակ լիազորություններով աշխատող մարդ, արդյունավետ չհամարեցի վերադառնալ այնտեղ, որտեղ իմ լիազորություններն էլ ավելի էին կրճատվելու»,-ասել է Մարգվելաշվիլին TV Pirveli հեռուստաալիքի եթերում:

Նա նաեւ հաստատել է լուրերն այն մասին, որ ինքը միտումնավոր էր ձգձգում իր որոշման հրապարակումը, որպեսզի կառավարող կուսակցությունը չառաջադրի նախագահի իր թեկնածուին: Մարգվելաշվիլին համապատասխան հայտարարությունն արել է օգոստոսի 31-ին, այսինքն՝ ընտրություններին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետի լրանալուց մեկ շաբաթ առաջ:

«Իմ նպատակն այն էր, որ «Վրացական երազանքը» չառաջադրեր իր թեկնածուին: Երկրի համար լավ է, որ իշխող կուսակցությունը թեկնածու չառաջադրեց, քանի որ նման իրավիճակում մնում է այն կրիտիկական կետին չհասնելու հնարավորությունը, երբ բոլորը, սկսած նախագահից` վերջացրած շրջանային վարչակազմի աշխատողներով, նույն կուսակցության անդամներն են: Դա կարեւոր էր, եւ ես դրան հասա»,-ասել է Մարգվելաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս