
Մարտին Գալստյանն առաջադրվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում

Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին առաջադրեց ՀՀ Կենտրոնական խորհրդի անդամ: Գալստյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որն էլ միաձայն ընդունել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
«Պարոն Գալստյանի թեկնածությունը շատ տպավորիչ է: Բավական լուրջ ճանապարհ է անցել: Նա Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է: Այդ դպրոցում տարիներ շարունակ սովորել և սովորում են հայ և օտարերկրացի բազմաթիվ երիտասարդներ»,- նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Մարտին Գալստյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի խորհրդի կազմում ընդգրկվելու դեպքում աշխատանքային երկու առաջնահերթություն է ունենալու:
«Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալու դեպքում աշխատանքներ եմ տանելու փաստերի վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի տարածման ու արմատավորման և մշակվող ու իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- նշեց նա:
Ազգային Ժողովի կողմից ԿԲ խորհրդի անդամի ընտրությունը կկատարվի սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով:
Մարտին Գալստյանը 2015 թ. փետրվարի 10-ից Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն է: 1998-2015 թթ. զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների վարչության դիլերի, պորտֆելի կառավարչի, բաժնի պետի և Վիճակագրության վարչության պետի պաշտոնները: