Փաշինյանը ռուս մասնագետներին թույլատրել է մուտք գործել ամերիկյան լաբորատորիաներ. РИА Новости
Ռուս մասնագետներին թույլ են տվել Հայաստանում ԱՄՆ լաբորատորիաներ մուտք գործել, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն`հղում անելով «Կոմերսանտին» տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին:
Փաշինյանը մասնավորապես ասել է. «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ են տվել մտնել այդ լաբորատորիաները»:
Նրա խոսքերով`ռուս մասնագետները «երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա`սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»:
Նա նաև պարզաբանել է, որ այդ լաբորատորիաները լիովին գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո:
«Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուս մասնագետները գտնվել են այնտեղ ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,-ավելացրել է Հայաստանի վարչապետն ու նշել, որ դրանք շատ լավ որակի լաբորատորիաներ են:
«Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին ու պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն այնտեղ եղել են, և երբ կրկին ցանկանան, սահմանափակումներ չեն լինի»,-եզրափակեց վարչապետը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհանգստություն է հայտնել`կապված Վաշինգտոնի`ռազմակենսաբանական ոլորտում, Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի ցուցաբերած կենսաբանական ակտիվության հետ: Նրա խոսքերով`Մոսկվայում համարում են, որ չնայած հակառակի բոլոր հավաստիացումներին` ԱՄՆ գործողությունները իրականացվում են ամերիկյան ռազմական գերատեսչության հետաքրքրությունների շրջանակում, այլ ոչ մարդասիրական նպատակներով, ինչպիսիք են կանխարգելումը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարը:
Քաղաքացիական հասարակության զարգացման ու մարդու իրավունքներով խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է այն փաստը, որ Ռուսաստանում անհասկանալի է, թե ինչ նպատակներով են հավաքում տարբեր էթնոսների ներկայացուցիչների բիոմատերիալները: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ այդ կենսաբանական նյութերի հավաքման վերաբերյալ տվյալների տիրապետում են ռուսական հատուկ ծառայությունները:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը