«Սա այն մեսիջն է, որ Ռուսաստանի նախագահը տալիս է Հայաստանին». Սուրեն Սարգսյան
«Իհարկե, շատ լավ է, որ ռուսական կողմը հասկանում է, որ Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի համար շարունակական բնույթ է կրելու, այսինքն՝ Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանն իր համար շարունակում է մնալ ռազմավարական դաշնակից, և ռազմավարական հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։ Սա այն մեսիջն է, որ Ռուսաստանի նախագահը տալիս է Հայաստանին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայանագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Պուտինն ասել է. «Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտներին, անվտանգության հիմնախնդիրներին, տնտեսական համագործակցությանը»։
Ըստ Ս.Սարգսյանի՝ սա վկայում է, որ ռուսական կողմն իր քաղաքական գծի մեջ որևէ փոփոխություն չի նախատեսում, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը շարունակվելու է այնպես, ինչպես եղել է։
Սակայն, Ս.Սարգսյանի կարծիքով, չի կարելի փաստել, որ անկախ նախկինում հնչած հայտարարություններից, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից, Պուտինի խոսքերից կարելի է հետևել, որ մտահոգությունները հարթվել են. «Դա չի կարելի միանշանակ պնդել, որովհետև պետք է աշխատել ռուսական կողմի հետ, որովհետև արտգործնախարարը պատահական հայտարարություններ չի անում։ Իհարկե, Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ շարունակվում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը հստակ և միանշանակորեն հայտարարում է, որ Հայաստանի հետ շարունակելու է այն նույն քաղաքական գծի իմպլեմենտացիան, որ վերջին տասնամյակների ընթացքում ունեցել է, այսինքն՝ ռազմավարական հարաբերությունների խորացումն ու զարգացումը, միևնույն ժամանակ, իհարկե, հայկական կողմից ակնկալվում է համաչափ մոտեցում։ Եվ կարծում եմ՝ Պուտինի խոսքերը հենց այսպես է պետք ընկալել»։
Հարցին, թե սա ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման շուրջ Ադրբեջանի հույսերը տապալվեցի՞ն, Ս.Սարգսյանը պատասխանեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բավականին ինտենսիվ զարգանում են բոլոր ուղղություններով, վերջերս Ալիևն էր Ռուսաստանում, ի դեպ՝ պաշտոնական այցով, ոչ թե աշխատանքային, ինչպես ՀՀ ղեկավարն էր.
«Չեմ ուզում այստեղ քաղաքական գնահատականներ տալ, որովհետև Ադրբեջանի նախագահը մի շարք փաստաթղթեր ստորագրեց, և դրանք բավականին կարևոր էին ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար։ Պաշտոնական այցն արարողակարգի առումով մի փոքր այլ մոտեցում է ենթադրում։ Դա չի նշանակում, որ Ադրբեջանն առավել կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը։ Ինչևէ, Փաշինյանի այցը չափազանց կարևոր է, և, եթե մի փոքր էլ սպասենք, տեսնենք, թե ինչպես են այցին արձագանքում ռուսական լրատվական ու փորձագիտական հանրությունները, ինչպիսի տեղեկատվական արտահոսքեր են տեղի ունենում, այդ դեպքում կկարողանանք հստակ հասկանալ, թե ինչի մասին են խոսել երկու պետությունների առաջնորդները։ Բայց կրկնեմ, որ Պուտինի հայտարարություններից եզրակացնում ենք, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունեցել է վերջին տասնամյակների ընթացքում»։