Գյումրիում «Անեկդոտների պատ» կա
«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության ջանքերով Գյումրու հենց կենտրոնում՝ Վարդանանց հրապարակի անմիջական հարևանությամբ, Շահումյան 188 շենքի պատը վերածվել է անեկդոտների պատի:
Գյումրվա համով-հոտով անեկդոտները նաև ռուսերեն ու անգլերեն են: Չնայած նախաձեռնության անդամները վստահեցնում են՝ Գյումրվա հումորի հաջողությունը սուր մտքի ու բարբառի մեջ է: Պատն ավելի խոսուն է քաղաքին հատուկ կոլորիտային պատկերների շնորհիվ: «Տեսքն ու դիզայնը հետագայում ուզում ենք փոխել։ Անեկդոտների թիվն էլ կշատանա։
Հիմա փորձել ենք հանրության համար կարեւոր կենցաղային բնույթի կատակներ փոխանցել մարդկանց։ Սա բոլորի կողմից ընդունելի թեմա է և հաճելի է ընթերցել»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանը՝ հավելելով, որ սա ոչ միայն զբոսաշրջությունը զարգացնելու յուրօրինակ դրսևորում է, այլ նաև տրամադրություն փոխանցող քայլ: Անեկդոտների պատ նախագիծն իրականացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամի աջակցությամբ:
Արմենուհի Մխոյան