«Մեր օրերում գրպանահատությունը բավական տարածված երևույթ է». Արտակ Զեյնալյան

Այսօր կառավարության նիստում որոշվեց փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում և խստացնել գրպանահատության պատասխանատվությունը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացնել են այն դեպքերը, երբ գողությունը կատարվել է անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից:

Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը:

«Մեր օրերում գրպանահատությունը բավական տարածված երևույթ է»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Ըստ նրա՝ 2014 թվականի ընթացքում գրպանահատության եղանակով կատարված գողության դեպքերը կազմում են գողության ընդհանուր թվի 24.2%, 2015 թվականին՝ 36.6%, 2016 թվականին՝ 39.4%, 2017-ին՝ 34.1%: Նախարարը նշեց, որ լուրջ խնդիր է նաև այն, որ ներկայիս կարգավորումների շրջանակներում գրպանահատության ձևով գողություն կատարելը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (մասնավոր մեղադրանքի գործ), ինչը ևս նպաստում է գողության դեպքերի աճին, ավելին՝ նման հանցագործություններ կատարած անձինք մասնավոր մեղադրանքի դատավարական կարգավորումների արդյունքում հետաքննության կամ նախաքննության փուլում, որպես կանոն, չեն կալանավորվում և մնալով ազատության մեջ՝ կրկին կատարում են նույն հանցանքը:

Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2014-2017 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (առանց այլ հոդվածների կամ նույն հոդվածի այլ մասերի հետ համակցության) հետաքննության և նախաքննության մարմինների կողմից քրեական վարույթ է իրականացվել 5160 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է , իսկ 776-ի նկատմամբ՝ կարճվել, որոնցից 309-ի նկատմամբ՝ դիմողի բողոքի բացակայության պատճառով։

2014-2017 թթ. ընթացքում ՀՀ դատարանների կողմից դատապարտվել է ընդամենը 170 անձ: Ավելին, առկա են դեպքեր, երբ միևնույն անձի նկատմամբ գողության (առավելապես կատարված գրպանահատության եղանակով) հատկանիշներով 2015-2018 (փետրվարի դրությամբ) թվականներին 121 անգամ քրեական վարույթ է իրականացվել, ընդ որում միայն 1 դեպքում է դատապարտվել տուգանքի, 1 դեպքում հարուցված քրեական գործը կարճվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտության հիմքով, իսկ 119 դեպքում նախապատրաստված նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է դիմողի բողոքի բացակայության պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս