Ստյոպա Սաֆարյանը հերքում է շրջանառվող լուրերը
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե իրեն առաջարկվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
«Ո՞վ է այդպիսի լուրեր տարածում։ Չկա նման բան։ Ես ապշած եմ, թե այդ թեման որտեղից է հայտնվել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Ս. Սաֆարյանը։ Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Հարգելի երևանցիներ, Նոր Նորք վարչական շրջանի իմ սիրելի բնակիչներ.
Պատիվ եմ ունեցել 2012 թվականից ստանձնելու ինձ համար սիրելի Մասիվի՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորությունը, որը կատարել եմ ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով։
Աշխատանքային յուրաքանչյուր օր գիտակցել եմ, որ ոչ միայն վարչական շրջանի ղեկավար եմ, այլև մարդ, ով ապրել ու մեծացել է Մասիվում, ընկերների ու հարազատների ջերմ միջավայրում։
Այսօր Նոր Նորքը մեր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է կանաչապատ, լուսավոր, խնամված ու բարեկարգ: Այս աշխատանքները կատարել եմ մեր բնակիչների հետ սերտ համագործակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իմ գործընկերների հետ համատեղ ջանքերով, որի համար շնորհակալ եմ յուրաքանչյուրին։
Սիրելի նորնորքեցիներ, որոշել եմ դիմում ներկայացնել՝ դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար: Պատճառը հստակ է. առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ:
Սիրով և ամենայն հարգանքով»,- գրել է Արմեն Ուլիխանյանը։