«Իր ավտորիտար գործընկերներին Կրեմլը պատրաստ է աջակցել, բայց այդ աջակցությունը ունի և՛ գին, և՛ ինչ-որ սահման». Էդգար Վարդանյան

Հարցազրույց քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

Պարոն Վարդանյան, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություններ և 4 դաշինքներ։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ մրցակցային իրավիճակ է ստեղծվել։

– Քանի որ լինելու են ազատ և արդար ընտրություններ՝ մի աննախադեպ բան վերջին շրջանի Հայաստանի քաղաքական պատմության համար, բնականաբար, հետաքրքիր է, թե իրականում էլեկտորատն ինչպիսի նախապատվություններ ունի, և այս առումով շատերը փորձում են գրավել էլեկտորատի համակրանքը և քաղաքական դաշտում որոշակի դերակատարություն ունենալ։ Ակնհայտ է նաև, որ հեղափոխությունը գլխավորած քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունն է, հատկապես՝ դաշինքի ձևաչափը, որ ընտրվել է՝ «Իմ քայլը», ցույց է տալիս, որ ավելի լայն հեղափոխական ուժերի ձևաչափով է հանդես գալու, և մարդիկ փաստացի ընտրելու են հեղափոխության կորիզը կազմող միավորմանը։

Կարծում եմ՝ ամեն դեպքում այդ ուժը մրցակցությունից դուրս է լինելու։ Այսինքն՝ ակնհայտ է, որ վստահորեն կվերցնի մեծամասնությունը։ Մնացած քաղաքական ուժերի մի զգալի հատվածը հեղափոխությանը սատարող ուժեր են, որ այս կամ այն պատճառով ամբողջությամբ չեն կիսում Նիկոլ Փաշինյանի թիմի հայացքները, գաղափարախոսությունը, թեև սատարում են կառավարությանը, և փորձում են համախմբել իրենց շուրջ հեղափոխական էլեկտորատի այն հատվածներին, որոնք նույնպես ընդհանուր առմամբ սատարում են կառավարությանը, բայց որոշակի դժգոհություններ ունեն և այս կամ այն հարցն այլ կերպ են դիտարկում։

Ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրություններն արտաքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն, բայց մասնակիցների մոտեցումներն արտաքին քաղաքականության հետ կապված, այնուամենայնիվ, ազդելու են ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողների դիրքորոշման վրա, և ուժերը նաև այդ հարցերում են մրցակցելու։

Ավագանու ընտրություններն ինչոր առումով ստուգատես կլինե՞ն խորհրդարանական ընտրությունների համար։

– Իհարկե, կարելի է ասել՝ սա գլխավոր փորձն է խորհրդարանական ընտրությունների, և հիմնական քաղաքական ուժերը, որ տեղ կունենան ավագանիում, ամենայն հավանականությամբ, ներկայացված կլինեն նաև խորհրդարանում։ Կարծում եմ՝ առաջին տեղը գրաված ուժն առաջինը կլինի նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ մյուս ուժերը կարող են տեղերով փոխվել։

Խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, սակայն նա քաղաքական թիմ չունի, ցանկանում է կուսակցություն ստեղծել և դեռևս չի բացահայտում, թե որ ուժերի հետ է համագործակցելու։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է լինելու նրա քաղաքական հենարանը։

– Գիտեք, նրա այդ հայտարարություններն ինքնապաշտպանական բնույթ ունեն, և ես չեմ կարծում, որ կա իրականում ցանկություն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, մրցել քաղաքական ուժերի հետ, և այլն։ Կարծում եմ, որ կա գիտակցումն այն հանգամանքի, որ նա՝ որպես քաղաքական ուժ, որպես քաղաքական ֆիգուր, չի կարող տեղ ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում։ Այսինքն՝ չեմ կարծում, որ այդքան միամիտ են, որ մտածեն, որ դա հնարավոր է։

Այսինքն՝ դատական պրոցե՞սը կխանգարի նրան։

– Եթե նույնիսկ դատական պրոցեսը չլիներ, կարծում եմ, նույն բանն էր լինելու։ Բնակչության մեծամասնության մոտ կա խորը համոզմունք, որ նախկին իշխանավորները տեղ չունեն այսօրվա քաղաքական դաշտում, նրանք մրցակից չեն, հատկապես այն մարդիկ, որոնք կապ ունեն Մարտի 1-ի հետ, դերակատարություն են ունեցել արտակարգ դրություն մտցնելու գործում, նրանք դիտարկվում են՝ որպես հակասահմանադրական գործունեություն ծավալած օլիգարխիկ խմբավորումներ կամ դրանց ներկայացուցիչներ, և, բնականաբար, արդեն ժողովրդավարական ռելսերի վրա դրված քաղաքական պրոցեսներում նրանք չեն ընկալվում, և իրենք էլ այդ մասին շատ լավ գիտեն։

Այդ անձինք կամ խմբերը, որ փորձում են քննադատել իշխանություններին, իրենց ներկայացնել՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժեր, իրենք էլ հասկանում են, որ իրենց արածն իրականում կեղծիք է։ Իրենք ընդամենը փորձում են պաշտպանել իրենց ռեսուրսները, փորձում են ներգրավել ռուսական գործոնն իրենց պաշտպանության համար և փորձում են իրենցից ձևավորել քաղաքական հալածյալի կերպար, որը, բնականաբար, չի կարող հանրության մեծամասնության կողմից ընկալվել և ընդունվել, հակառակը՝ ծիծաղի է արժանանում։

Բայց նրանք այլ տարբերակ չունեն, նախ՝ կա մեծ վտանգ, որ նրանք կդատապարտվեն, և կա վտանգ, որ նրանց անօրինական հարստությունն ինչ-որ կերպ արդեն օրինական ձևով կառգրավվի։ Եվ որպեսզի պաշտպանեն այդ ամեն ինչը, իրենք փորձում են ցույց տալ, որ իբրև թե զուտ քաղաքական գործունեությամբ են փորձում զբաղվել։ Սակայն մարդը, որը նույնիսկ հրապարակային փոքրիկ միջոցառում չի կարող կազմակերպել այսօր, ինչպե՞ս կարող է քաղաքական պրոցեսներում ներգրավվել։ Զուտ ունենալով գումար, մի փոքրիկ թիմ, որ մնացել է իշխանական ժամանակաշրջանից, ուղղակի փորձում են ինֆորմացիոն դաշտում ստեղծել այդ քաղհալածյալի կերպարը։

– Արտաքին գործոններն ի՞նչ դերակատարում կունենան, օրինակ՝ Ռ. Քոչարյանի ծննդյան կապակցությամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի շնորհավորանքը կարելի՞ է դիտարկել, որ հետագայում, եթե Ռ. Քոչարյանը մասնակցի ընտրական պրոցեսներին, Մոսկվան կաջակցի նրան։

– Հարցն այն է, որ ուղղակիորեն Կրեմլն իրականում չի կարող աջակցել նախկին իշխանավորներին, որովհետև դա կդիտարկվի՝ որպես ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն, և հենց Կրեմլին էլ ձեռնտու չէ նման բան։ Կրեմլին ձեռնտու է, որ Հայաստանի իշխանության հետ լինեն լավ հարաբերություններ։ Կրեմլն այստեղ ունի ռազմական ներկայություն։ Իմաստ չկա, և չեմ կարծում, որ Կրեմլի համար մոտիվացիա կա՝ պաշտպանել մի մարդու, որը հասարակության կողմից չունի աջակցություն, և դա Կրեմլը լավ գիտի։ Ֆեյքային գործարքներ անելու միջոցով հնարավոր չէ հասնել հաջողության։

– Այսինքն՝ Պուտինի և Քոչարյանի անձնական մտերմությունն այստեղ գործոն չի՞ կարող լինել։

– Անձնական մտերմությունն այն է, ինչ արվում է՝ շնորհավորում է, ինչ-որ հայտարարություն են անում անհրաժեշտության դեպքում, որը փաստացի անուղղակիորեն աջակցություն է, բայց ուղղակիորեն նրանք չեն կարող նման բան անել և չեն անի։ Իսկ անուղղակիորեն անում են նրա համար, որ բոլորին ցույց տան, որ հին ընկերներին չեն դավաճանում, որ դա նաև նախադեպ չլինի մնացածների համար, որ որևէ մեկը Կրեմլին չդադարի վստահել, այդ թվում՝ նաև այլ պետությունների մասին է խոսքը։ Դրա համար իրենք պետք է սիմվոլիկ ցույց տան, որ մտածում են իրենց ընկերների մասին, չեն դավաճանում և պատրաստ են աջակցել, բայց՝ անուղղակիորեն, օրինակ՝ հարթակ տրամադրելով կամ ցույց տալով, որ ցանկալի հյուր են Ռուսաստանի համար, և, եթե պետք լինի, կարող են ապաստան գտնել։

– Ինչպես Միքայել Հարությունյա՞նը, որին Մոսկվան հրաժարվում է արտահանձնել Հայաստանին։

– Այո։ Դա միշտ է եղել, և միայն Կրեմլը չէ այդպես, նաև Մինսկն ունի նման քաղաքականություն, օրինակ՝ Ղրղըզստանի նախկին իշխանավորներից նաև Բելառուսում են ապաստանել։ Այսինքն՝ իրենց ավտորիտար գործընկերներին նրանք պատրաստ են աջակցել, բայց այդ աջակցությունն ունի և՛ գին, և՛ չափ, ինչ-որ սահման։ Սա է խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս