Փաշինյան-Պուտին հանդիպման ծանր օրակարգը. հասունացող պայթյուն
Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ունենալու: Մեր տեղեկություններով, սեպտեմբերի սկզբին նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության գործողությունների արդյունքում ՀԱԿՊ վարկաբեկման գործընթաց, և այլն: Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն է լինելու, դեռևս՝ դիտորդի կարգավիճակում:
«Աշխարհագրական այս նոր պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը»,- ադրբեջանական լրատվական կայքերց մեկին տված հարցազրույցում օրեր առաջ ասել էր նաև ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Գուսեյնովը։
Ադրբեջանը, որպես անդամակցության պայման, հատկապես Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, Ռուսաստանին առաջարկել էր ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հեռացնել Հայաստանին։ Եվ այդ պայմանն Ադրբեջանի իշխանությունների կողմից տևական ժամանակ շրջանառվում է նաև ադրբեջանական մամուլում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն օրերս պաշտոնապես հայտարարել էր, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, ինչը քաղաքագետների և փորձագետների կողմից ընկալվեց՝ որպես հայ-ռուսական հարաբերություններում հասունացող և պայթյունավտանգ նոր ռումբի առկայություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ասել էր. «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև՝ Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել։ Խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել։
Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց, և կարող եմ միանշանակ ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են»: Նա հայտարարել էր, որ համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որն աննախադեպ է նորանկախ պատմության մեջ. «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել»։
Հայաստանյան ԶԼՄ-ները նրա այդ հայտարարությունից հետո տեղեկացրեցին, որ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական այդ «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը:
Լրատվամիջոցները պարզել էին, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո, սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է ՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ: Փաշինյանի կառավարությունը հույս ուներ, որ այդ համաձայնությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան, և ռուսական կողմի դժգոհությունները գոնե որոշակիորեն կնվազեն:
Այնպես որ, Փաշինյանի հավաստիացումները հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ավելին, հայ-ուսական հարաբերություններն այնպիսի վտանգավոր աստիճանի վատթարացման են հասել, որ ՀՀ իշխանությունները հայտնվել են դժվարին իրավիճակում։ Մի կողմից՝ Ադրբեջանն է ՀԱՊԿ անդամակցության հարցով ակտիվացրել իր գործողությունները, ինչի պատճառով Փաշինյանը փորձում է շողոքորթել ռուսական կողմին՝ համաձայնելով ռազմական մասնագետներով համալրված հայկական զորք ներգրավել Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո, մյուս կողմից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն մուտքն է, որի նկատմամբ ջերմ ընկերական փոխհարաբերությունների մասին, ի դեպ, շեշտել է Վ. Պուտինը՝ Ն. Փաշինյանի հետ զրույցում։
Երեկ էլ Կրեմլի կայքից տեղեկացանք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգով շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին՝ 64-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Այս հաղորդագրությունից հետո, այն էլ՝ Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ, էլ ավելի ցայտնոտային իրավիճակում են հայտնվել ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը։